Իշխանություններն անընդհատ վախեցնում են մարդկանց, թե խելոք մնացեք, որ պատերազմ չլինի․ Արթուր Վանեցյան

2018-ին, իսկապես, հազարավոր մեր քաղաքացիներ լավ ապրելու ցանկությամբ դուրս եկան փողոց, և ստիպեցին, որ իշխանությունը փոխվի, ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ իրապես կային խնդիրներ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանը։

Բայց, ըստ նրա, հետագայում պարզվեց, որ զուտ խոստումներով է զավթվել իշխանությունը։

«Ասացին, որ ամեն ինչ էժանանալու է, մարդկանց աշխատավարձը բարձրարանլու է։ Իրենք իրենց կախարդական փայտիկով պետք է այնպես անեին, որ մարդիկ լավ ապրեն։ Բայց ամեն ինչ թանկացավ, մարդիկ սկսեցին ավելի վատ արպել։ Բայց իմ համար լավ ապրելու բանաձևը միայն աշխատավարձն ու ուտելը չէ։ Ինձ համար լավ ապրելը անվտանգային միջավայրն է, իսկ այսօր մենք ունենք արտագաղթ, քանի որ չկա անվտանգություն»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն անընդհատ վախեցնում են մարդկանց, թե խելոք մնացեք, որ պատերազմ չլինի։

«Մարդու լավ ապրելը պետք է մի քանի գործոնից բաղկացած լինի։ Դրանցից առաջինը անվտանգային համակարգն է, երկրորդը` աշխատանքը, իսկ երրորդը՝ կրթական ոլորտը։ Դրանք գործոններ են, որ պետք է լինեն։ Այս իշխանությունները լավ ապրելու խոստումներով եկան, բայց այդ խոստումներից որևէ մեկը չի իրականացել։ Այս իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում»,- ասաց նա։