Ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին. հանցանք է թաքցրել

Ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին. հանցանք է թաքցրել

Գյումրիում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ու ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանին։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց   Խանամիրյանի փաստաբանը՝ Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի ու ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելու մեջ։

Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Խանամիրյանը մեղադրվում է նաև հանցագործությունը թաքցնելու մեջ։

«Եթե այդ մարդուն ինքն է տարել հիվանդանոց, բուժօգնություն ցույց տվել, սրա ի՞նչն է հանցագործություն թաքցնել»,-ասաց նա։

Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ Երվանդ Խանամիրյանը ազգակից է  պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին։ 

Հիշեցնենք նաև, որ երեկ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության էր տարածել նշելով, որ  35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»: Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

Լիաննա Թորոսյան