ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բավքում այցելել են սեպտեմբերին գերեվարված հայ քաղաքացիներին

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բավքում այցելել են սեպտեմբերին գերեվարված հայ քաղաքացիներին

Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները:

Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։

Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի հետ։

Ելնելով ԿԽՄԿ ընթացակարգերից՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պատկան մարմիններին:

MediaHub-ը հիշեցնում է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի՝ մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը, Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր:

Նրա խոսքով, այժմ ունենք շուրջ ութ տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման։