Ի՞նչ «մեսիջ» էր Փաշինյանն ուղարկել իրավապահներին, ՍԴ դատավորի թեկնածու Բալայանի փաթեթը ԱԺ-ում է. Մամուլը՝ սուրճով

Ի՞նչ «մեսիջ» էր Փաշինյանն ուղարկել իրավապահներին, ՍԴ դատավորի թեկնածու Բալայանի փաթեթը ԱԺ-ում է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։

Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը:

Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, եւ որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգը ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի փաթեթը ուղարկել է Ազգային ժողով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բալայանի հարցը այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում է, եւ ստուգվում է նրա բարեվարքությունը։ Առաջիկայում հանձնաժողովը ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքության եզրակացությունը կուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ վերջնականապես կորոշեն քվեարկության օրը։ Ինչ է սպասվում ԱԺ-ում՝ կհետեւենք զարգացումներին։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» այն գործիչներից, որոնք ակնհայտ արևմտամետ չեն, ավելին՝ որոշակի կապեր ունեն ռուսական պաշտոնական քաղաքական շրջանակների հետ:

Ըստ այդմ, թվում էր՝ այս պատմությունը «հիանալի» հնարավորություն կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ «ազատվել» Ալեն Սիմոնյանից: Սակայն ուշագրավ է, որ ամբողջ ՔՊ խմբակցությունը փաստացի աջակցեց Սիմոնյանին՝ Անի Գևորգյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնելով: Խնդիրն այստեղ նույնիսկ երկակի ստանդարտները չեն: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունում հազիվ թե որևէ մեկն ինքնուրույն նման քայլի գնար, ուր մնաց թե փաստացի ողջ խմբակցությունը: Այդպիսի որոշումներն իշխանական կուսակցությունում չեն կարող կայացվել առանց Նիկոլ Փաշինյանի ոչ միայն իմացության, այլ նաև ուղիղ ցուցումի: Կան կարծիքներ, այդ թվում՝ հենց իշխանության ներսում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն իրավապահներին «մեսիջ» է ուղարկել, այն է՝ որոշակի «կարմիր գծեր» չի կարելի անցնել:

Ըստ տեղեկությունների, պատահական չէ, որ հենց երեկ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող երկու մեղադրյալի, այդ թվում՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հավելենք, որ, ըստ մեր աղբյուրների, այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանի հարսն ազատ է արձակվել «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տալու «շնորհիվ», իրականությանը չի համապատասխանում. իրականում, մեր տեղեկություններով, Աշոտ Հովհաննիսյանի դեմ ընդհանրապես ոչ ոք ցուցմունք չի տվել: