Եթե պատասխանել եք Ադրբեջանի առաջարկին, ինչո՞ւ չեք հանրայնացնում այն․ Վանեցյանը՝ իշխանություններին

Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մասին այսօր Արցախի հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ 2020-ի սեպտեմբերին ագրեսիա սանձազերծած և Արցախի մեծ մասն օկուպացրած Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, 5 սկզբունքներ ներկայացնում։

«Այն, թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնականապես փակելու մասին են։ Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ։ Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է՝ զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ»,- նշեց նա։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել և աջակցում է նաև Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտգործնախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները։

«Այս ամենին ի պատասխան Երևանը լուռ է, ավելի ճիշտ՝ խոսում է, շարունակում է խոսել այսպես կոչված «խաղաղության դարաշարջան» բացելու մասին։ Առավել քան զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումներին և Արցախում ստեղծված սոցիալական, հումանիտար անելանելի վիճակին։ Նույնքան զավեշտալի և անհասկանալի է Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի կամ ավելի ճիշտ կլինի ասել պահանջների վերաբերյալ։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը»,- նկատեց նա։

Արթուր Վանեցյանը հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

«Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը չունի նման մանդատ, չե՞ն հասկանում արդյոք, որ այսկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրբեջանական օրակարգն են սպասարկում, հերթական անգամ՝ ի հաշիվ Հայաստանի, Արցախի ու հայության կենսական շահերի»,- նշեց նա։