Լևոն Քոչարյանը մասնակցել է խմբակցության նիստին․ Ագնեսա Խամոյան

Լևոն Քոչարյանը մասնակցել է խմբակցության նիստին․ Ագնեսա Խամոյան

Յուրաքանչյուր քառօրյայից առաջ մեր խմբակցությունը նիստ է  ունենում, այս քառօրյան էլ բացառություն չէ, Լևոն Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է և բնականաբար, մասնակցել է նիստին։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է այն թեման, որ ՔՊ-ն Լևոն Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի, վերջինս պատասխանեց․ 

«Հատուկ նման հարց չի քննարկվել։ Բայց կարող ենք, իհարկե, արձանագրել, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Եթե տեսախցիկների առաջ մարդուն 4 ոստիկան բռնության են ենթարկում, բայց կալանավայրում հայտնվում են ոչ թե բռնության ենթարկված ոստիկանները, այլ բռնության ենթարկված քաղաքացին, իհարկե, նման իշխանությունից ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց, քանի որ վերջինս վերցրեց պատգամավորական մանդատը։

Հիշեցնենք նաև՝ Լևոն Քոչարյանին սեպտեմբերի 22-ին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր։

Լիաննա Թորոսյան