Սոթքի բնակիչները տները կորցնելու վտանգի առաջ են

Սոթքի բնակիչները տները կորցնելու վտանգի առաջ են

Սեպտեմբերյան մարտերից հետո ամենամեծ վնասը կրած Գեղարքունիքի Սոթք բնակավայրում Հայաստանի կառավարությունը մինչ օրս գյուղատնտեսական նշանակության բերքի վնասի գույքագրում չի իրականացրել։

Սա նշանակում է, որ կառավարությունը մատը մատին չի տալիս՝ 3 ամիս առաջ հրետակոծված Սոթքի բնակիչներին նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։ Բանն այն է, որ Սոթքի մի քանի խոշոր ֆերմերներ, բերքատվության կորստի հետեւանքով, կանգնել են ավելի լուրջ՝ գույքը եւ տունը կորցնելու վտանգի առաջ։ Պատերազմից հետո առաջացած գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես, կարտոֆիլի բերքատվության կորստի գույքագրում կառավարությունը չի իրականացրել։

Հակոբ Ավետյանը պատերազմից տուժած խոշոր ֆերմերներից մեկն է։ Ասում է՝ կանգնած է տունը կորցնելու վտանգի առջեւ։ Վարկի վճարման օրն անցել է, պարտքը գնացել Հարկադիր կատարման ծառայություն։ «Պատերազմից հետո կարտոֆիլի արտերը «վարի» գնաց։ Դիմել ենք կառավարություն, օգնություն չի հատկացնում։ Բանկերն էլ մասնավոր ընկերություններ են, չենք կարող մեղադրել։ Այստեղ պետությունը անելիք ունի։ Մի քանի ֆերմերների, այդ թվում՝ իմ բերքը ամբողջության փչցել է»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Ավետյանը՝ նշելով, որ երկու տարբեր բանկերից ընդհանուր առմամբ գրավադրմամբ վերցրել է մոտ 600․000 ԱՄՆ դոլար.

«Սա այն գումարն է, որ մի տարվա մեջ նորմալ բերքի պարագայում հնարավոր էր վճարել։ Բերքի 80 տոկոսը չկա։ Ադրբեջանցիները պայթեցրել են ոռոգման նշանակության խորքային հորերը, որից հետո ոռոգում անել պարզապես հնարավոր չի եղել։ Բացի այդ, Սոթքի բնակիչները փախել էին գյուղից՝ ռմբակոծության պատճառով, բերքը տիրություն անող չէր եղել»,-նշեց Ավետյանը։

Գյուղատնտեսական բերքի վնասների մասին Սոթքի գյուղապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզպետարան, որը հետո պիտի ուղարկվեր Կառավարություն։ Պատերազմից անցել է 4 ամիս, դեռեւս աջակցության մասին խոսք չկա։

«Որ անկեղծ ասեմ՝ անգամ հույս չունեմ, թե ինչ-որ մի բան անելու են»,-հավելեց Ավետյանը։

Պաշտոնական նախնական հաշվարկով, Հայաստանի 3 սահմանամերձ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում սեպտեմբերի 12-13-ը տեղի ունեցած մարտերի հետեւանքով վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը վնասվել են ամբողջությամբ՝ ներառյալ օժանդակ կառույցները, բակում եղած մեքենաները, գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, կենդանիներ։

 

Լիա Սարգսյան