Նման առաջարկ չի եղել. մամուլից եմ տեղեկացել․ Հովիկ Աղազարյանի որդին՝ իր՝ թաղապետ նշանակվելու մասին

«Այդպիսի առաջարկ չի եղել, ճիշտն ասած, ես էլ եմ մամուլից տեղեկացել»,- ասյպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ինքը նշանակվելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։
Նա տեղեկացրեց, որ այժմ էլ շարունակում է զբաղեցնել վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
«Որպես այդպիսի` առաջարկ չի եղել, որևէ առարկայական խոսակցություն ևս դեռ չկա»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, թե իր և Աջափնյակի թաղապետ Սասուն Մկրտումյանի միջև հակասություններ կան, Աղազարյանը արձագանքեց՝ ասելով, որ թաղապետի հետ որևէ խնդիր չունի, ավելին՝ նրա հետ շատ լավ աշխատանքային ու անձնական հարաբերություններ ունի։ Ինչ վերաբերում է իր հոր գործոնին, ապա Հովսեփ Աղազարյանը նշեց, որ որևէ կարիք չկա, որ իր հայրը միջամտի գործընթացներին, քանի որ ինքն էլ 2017 թվականից ՔՊ քաղաքական թիմի անդամ է և իր ուժերով է ամեն բանի հասնում։
«Ես չեմ սպասում որևէ առաջարկի, քանի որ չեմ տեսնում Աջափնյակում թաղապետի փոփոխման անհրաժեշտություն։ Միգուցե հետագայում որոշակի խմորումներ լինեն, բայց այս պահին որևէ առարկայական բան չկա»,- ասաց Հովսեփ Աղազարյանը։
Նարե Գևորգյան