Սլովակիայի վարչապետը մերժել է Զելենսկիին

Սլովակիայի վարչապետը մերժել է Զելենսկիին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով չի մեկնի Կիեւ՝ քննարկելու գազի տարանցումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գաշպարին։

Գաշպարը նշել է, որ Ֆիցոն նախօրեին բաց նամակ էր հրապարակել Զելենսկիին ուղղված ու նրան հրավիրել բանակցությունների, գրել են ԶԼՄ-ները։

«Զելենսկին պատասխանեց, որ ուրբաթ օրը պետք է Կիեւ գանք։ Դա անհնար է։ Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է փոխխոսնակը։

Նախօրեին Ֆիցոն Զելենսկիին կոչ էր արել քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ ծագած վեճը լուծելու համար։ Ի պատասխան՝ Զելենսկին գրել է. «Լավ, ուրբաթ օրը եկեք Կիեւ»:

2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի տարանցումը դեպի եվրոպական երկրներ իր տարածքով։ Կիեւը պաշտոնապես հրաժարվել է երկարաձգել Մոսկվայի հետ համապատասխան համաձայնագիրը, որն ուժի մեջ էր եղել մինչև անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը։ Ֆիցոն խոստացել է վետո դնել Ուկրաինային տրամադրվող ԵՄ օգնության վրա, եթե գազի տարանցման վերսկսման շուրջ բանակցությունները ձախողվեն։