Գրիգոր Մինասյանը կիսում է ՔՊ սկզբունքները... բայց մամուլը հիշում է նրա անցյալը

Գրիգոր Մինասյանը կիսում է ՔՊ սկզբունքները... բայց մամուլը հիշում է նրա անցյալը

Արդեն մեկ շաբաթ է՝ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, իսկ Արդարադատության նախարարի պարտականությունները իրականացնում է նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։ 

MediaHub.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ շուտով նախարարի պաշտոնում հենց Մինասյանին տեսնենք, նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը պատասխանեց՝ քաղաքական իշխանությունը պետք է որոշի, թե ով է լինելու հաջորդ նախարարը: «Պարոն Մինասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելու հարց չի քննարկվել»,-ասաց նա։ 

Նախկինում ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված Գրիգոր Մինասյանն անկուսակցական է: Հարցին, թե վերջինս կիսո՞ւմ է ՔՊ-ի տեսակետներն ու դիրքորոշումները, մամուլի քարտուղարը պատասխանեց․ 

«Փոխնախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և բնականաբար, Գրիգոր Մինասյանը կիսում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքները»:

Մինչդեռ ամեն ինչ հիշող մամուլը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Գրիգոր Մինասյանը ոչ միայն չէր կիսում ՔՊ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի տեսակետները, այլև, մեղմ ասած, հեգնում էր նրան.

«Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն: Այս ընտրությունները Երևանը բարեկարգ և զարգացած քաղաք սարքելու մասին են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել»,- մասնավորապես ասել էր Մինասյանը քարոզարշավի ժամանակ:

Լիաննա Թորոսյան