Ադրբեջանցիները Նիկոլից են սովորել, ուզում են ճամփա փակելով գալ իշխանության․ Արցախի պատգամավոր

Ադրբեջանցիները Նիկոլից են սովորել, ուզում են ճամփա փակելով գալ իշխանության․ Արցախի պատգամավոր

Մենք այնտեղ էինք, երբ Վիտալի Բալասանյանը եւ ռուս խաղաղապահների հրամանատարը եկան՝ ճանապարհը բացեցին։ Ռուս խաղաղապահները դեռ տեւական ժամանակ կարգավորում էին ստեղծված իրավիճակը, կարծում եմ, այս պահին լիարժեք ճանապարհը բացված է․ MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով Շուշի-Քարին տակ խաչմերուկում ստեղծված իրավիճակը։ 

Մոտ երեք ժամ առաջ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի Ստեփանակերտ-Գորիս մայրուղու հատվածի ճանապարհը փակել էին՝ իբրեւ բնապահպանական պատճառաբանությամբ։ Գալստյանը շեշտում է՝ իրականում սա սադրանք էր՝ տպավորություն ստեղծելու համար, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ոչինչ է։ 

«Բոլորը տղամարդիկ էին, հիմնականում շինարարներ, պատրաստված եկել էին, թեյ ու սուրճ էին հյուրասիրում, իրենց գործողությունն էլ մեկնաբանում, թե բնապահպանական նպատակներով են ակցիա անում։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանցի այս խմբի գործողությունների նպատակն էր հոգեբանական ճնշում գործադրել արցախահայության վրա, փորձ անելով կասկածի տակ դնել ռուս խաղաղապահների առաքելությունը»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։ 

Ադրբեջանական կողմից նմանատիպ սադրանքները պարբերաբար են լինում։ Գալստյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ Փաշինյանից են սովորել՝ ճամփա փակելով գալ իշխանության։ 

«Այս անգամ շարժվեցին Նիկոլ Փաշինյանի ձեռագրով․ խաղաղ բնակիչների միջոցով ակցիաներ են կազմակերպում։ Ադրբեջանցիները տեսնելով, որ Նիկոլը ճանապարհ փակելով Հայաստանում կարողացավ բերել ոչ հայանպաստ իշխանություն, իրենք էլ ուզում են Արցախում ճանապարհ փակելով գան իշխանության»,-հավելեց նա։ 

Նշենք, որ քիչ առաջ MediaHub-ը տեղեկացրեց, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի անմիջական ջանքերի շնորհիվ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացվել է: Րոպեներ անց մեր լուրը հաստատեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը.

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: 

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Լիա Սարգսյան