Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան. տեր և տիկին ցինիզմ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան. տեր և տիկին ցինիզմ

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ Արցախի ու արցախահայության նկատմամբ տածած ատելության ի ցույց դնելու վեց ժամանոց իրական «մաստեր կլաս»:

Այն, որ Փաշինյանն ատում է Արցախը, նորություն չէ. ի վերջո, իր լրագրողական կարիերայի սկզբից մինչ օրս իր գործունեությունը կարմիր թելով ուղեկցել է այն թեզը, թե՝ Արցախը տանք հանգիստ ապրենք: Եվ նա ստացավ հնարավորություն (տվեցին, հատուկ բերեցին, խաբվեցին, գցեց, թե ինչ՝ լրիվ այլ հարց է), որպեսզի կյանքի կոչի այդ, իր կյանքի թերևս գլխավոր ու կարևորագույն դարձած գաղափարը: 

Եվ Նիկոլն ազնիվ է՝ նա չի թաքցնում, թե ինչու է եկել իշխանության, ում շահերն են իր համար առաջնային, ինչ է ինքն ու իր շրջապատն իրենից ներկայացնում, ինչպես չի թաքցնում, թե որքան խորն է Արցախի ու արցախահայության հանդեպ իր ատելությունը: Այն Արցախի, որին նա մատնել է սովամահության, հուսահատության ու ցեղասպանության իր կիրթ բարեկամ ալիևի ղեկավարած երկրի կազմում, ուր առանց վարանելու փորձում է տեղավորել հայկական պատմական հողն ու մեր բոլորիս հայրենիքը:

Փաշինյանի այսօրվա հայատյացության երանգավորումներով լի ասուլիսի հիմնական թեզերն այն էին, որ Հայաստանը գործ չունի Արցախի հետ, որ անգամ եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի և ուժ փորձի կիրառել իրեն չհանձնվող 120 000 հայության դեմ, ՀՀ Զինված ուժերը որևէ կերպ դրան չեն միջամտելու, որ Հայաստանում չեն քննարկում (հասկանալ՝ չեն սպասում արցախահայերին, որոնք համաձայն չեն լինի ապրել, Աստված մի արասցե այդ օրը գա, Ադրբեջանի կազմում): Դե հումանիտար աղետն էլ ոնց ուզում է թող հաղթահարեն. պաշտոնական Երևանը իրենից հասնող պրոտոկոլային քայլերն անում է, մնացածն իր գործ չէ: Ասել է թե՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտի սրտում «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարողն այսօր ասում է՝ ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, մենք մի ճամփով՝ դուք այլ:

Եվ ահա, երբ բոլորս, այդ թվում պաշարված Արցախում մահվան դեմ կռիվ տվող հայությունն այս ամենը փորձում էր հերթական անգամ մարսել, Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը ցինիզնի «մաստեր կլաս է». Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ, ասում է նա, մի՛ անհանգստացեք, մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։ Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա, ասում է նա, ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։

Եվ ամենակարևորը. «Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ»,- ասում է Հակոբյանը: Ինչպես այսօր պարզվեց՝ պատերազմի օրերին Ստեփանակերտում միակ կինը, քանի որ մյուսները փախել էին, ըստ Փաշինյանի, և այս հանգամանքով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրածն անչափ հպարտանում է:

Արցախում համատարած սովի, դեղորայքի ու վառելիքի բացակայության, երեխաների մահվան, հուսահատության մասին ամենօրյա մղձավանջի ֆոնին ցուցադրաբար իրենց սեղանի պարունակությամբ հպարտացող տիկինը հանդգնում է դիմել իր և ամուսնու ձեռամբ այդ օրին հասած արցախահայերին, ցինիկաբար հորդորում սպասել, դիմանալ, քանզի ինքը “հավատում է” նրանց:

Սա Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան, տեր և տիկին ցինիզմի հերթական արարն է, փորձ ի ցույց դնելու, որ չարի տրիումֆի ականատեսն ենք: Այլ հարց՝ կա՞ ինչ-որ մեկը, որ նրանց կխանգարի նույն ոճով շարունակել՝ մեկի շուրթերով ատելություն թքել ու շաղ տալ հինգ ժամ շարունակ, մյուսի շուրթերով փորձել վարդ-մանուշակ սփռել ու կեղծ բարեպաշտ ձևանալ:   

Հիշե՛նք. 1933 թվականին իշխանության եկած Ադոլֆ Հիտլերի հակասեմիտական քաղաքականությունը կշռադատված էր և լավ ծրագրված, դեռ համակենտրոնացման ճամբարներին տարիներ կային, բայց հրեաների դեմ պայքարում նախ գործի դրվեց հակաքարոզչությունը, երբ ազգաբնակչությանը ներշնչում էին, որ «Իսրայելի որդիները» Գերմանիայի գլխավոր թշնամիներն են, և այս քաղաքականությունը բերեց ողբերգական արդյունքների: Ոչինչ չի՞ հիշեցնում….

Լիա Խոջոյան