ՌԴ հետ առճակատման պայմաններում Արևմուտքը Հայաստանին շատ նեղը չի գցի, որ չկորցնի. Սաֆարյան

ՌԴ հետ առճակատման պայմաններում Արևմուտքը Հայաստանին շատ նեղը չի գցի, որ չկորցնի. Սաֆարյան

Եթե ՌԴ հետ առճակատման պայմաններում Արևմուտքը Հայաստանին շատ նեղը դրեց՝ մեկընդմիշտ նետելու է ՀՀ-ին Ռուսաստանի գիրկը: Դա նրան պետք չէ, հետևապես Հայաստանը զգուշորեն, լավ մտածված ու լուրջ ծրագրերով դա պետք է օգտագործի իր օգտին: Այս մասին “Հայաստանն ու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ակտուալ առաջնահերթությունները” թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Բավականին բարդ ժամանակներ են: Մի կողմից պատերազմ է, որն այնքան ծանր հետևանքներ կարող է ունենալ, որ մենք այս պահին ոչ ամբողջ խորությամբ դա կարող ենք հասկանալ: Բայց նույնիսկ այս պայմաններում Հայաստանի համար բացվում են օգուտներ քաղելու հնարավորություններ ու հեռանկարներ”,- ասաց նա:

Օրինակ, նշեց նա, ռուս գործընկերներն ասում են, որ ունեն խնդիր ժամանակակից տեխնոլոգիաների առումով, որոնք դեռ ստանում են Չինաստանից, բայց ժամանակն է, որ կամաց-կամաց ինքներս դա արտադրենք.

«Ո՞վ պիտի անի դա: Ես վստահ եմ, որ Հայաստանն այս հարցում լուրջ դերակատարում կարող է ունենալ և ունի իրական հնարավորություն, օրինակ, հեռակա հանդիպում կազմակերպելու ԵԱՏՄ ու ԵՄ միջև: Այո, նույնիսկ բարդ այս պայմաններում հնարավոր է նման բան անել ու ուրվագծել հնարավոր համագործակցությունը»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանը կարևոր դեր կարող է ստանձնել նաև ներկրումը տեղականով փոխարինելու գործընթացում, որի մասին ՌԴ-ն խոսում է վերջին երկու տարիներին: Նրա խոսքով, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ գործընթացը ՌԴ-ում լինի և Հայաստանը պետք է այդ հնարավորությունը բաց չթողնի: 

Արամ Սաֆարյանը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները հստակ ազդակներ պետք է հասցնեն իրենց ռուս գործընկերներին.

«Դրանք են՝ Հայաստանը ձեզ չի դավաճանելու, չի քայքայելու, մենք այս տարածքի կառուցողական խաղացողն ենք, օգտագործեք մեր հնարավորությունները, որոնք կային ԽՍՀՄ տարիներին, որպեսզի մենք նորից ոտքի կանգնենք որպես ինդուստրիալ երկիր»,- ասաց Սաֆարյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ առևտրատնտեսական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մնալու են հիմնականում նույնը, ինչ եղել են: