Տարօրինակ է, որ զենքը դեռ չգնած՝ թշնամին այդ մասին արդեն տեղյակ է․ Հայկ Նահապետյանը՝ հնդկական զենք գնելու հնարավորության մասին

Տարօրինակ է, որ զենքը դեռ չգնած՝ թշնամին այդ մասին արդեն տեղյակ է․ Հայկ Նահապետյանը՝ հնդկական զենք գնելու հնարավորության մասին

Իրականում, Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրն աշխարհում առաջին հնգյակի մեջ չի մտնում և որքանով տեղյակ եմ՝ այն զինատեսակները, որոնք պատրաստվում է հայկական կողմը գնել՝ ՀՀ-ն առաջին գնորդն է լինելու։ Սակայն ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու է մեր հնարավոր զենք գնելու տեղեկությունը տարածվել մեդիադաշտում, սա գաղտնի գործընթաց պետք է լինի, ինչո՞ւ է հրապարակվել, ինչո՞ւ է թշնամուն հասանելի դառնում մեր պատրաստվածությունը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Հնդկաստանից զենք գնելու խոսակցությունները։

Հիշեցնենք, որ հնդկական ThePrint առցանց թերթը հայտնել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ 

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ այն իրավիճակը, որը կա ՀՀ-ում, բնականաբար, կմեղմվի նշված զինատեսակի ձեռքբերման դեպքում, սակայն թշնամու ունեցած զենքերին հավասար զինատեսակ է հարկավոր, քանի որ ԱԹՍ-ների մասով հակառակորդն առավելություն ունի։ ««Բայաքթարներին» չեզոքացնելու լրջագույն զինատեսակներ ՌԴ-ն ունի, որը, սակայն, այս իրավիճակում քիչ հավանական է, որ կարող է մեզ օգնել։ Մենք այսօր ունենք իրական հակառակորդ պետություն, որի խնդիրն է  ռազմական գործողությունների ընթացքում հաղթանակ տանել, և տարօրինակ է, որ զենքը դեռ չգնած՝ թշնամին այդ մասին արդեն տեղյակ է։ Սխալ է այդ ամենի մասին բարձրաձայնելն ու հրապարակելը։ Հնդկական կողմից է տեղեկությունը տարածվել, բայց կարծում եմ՝ առանց հայկական կողմի իմացության ոչինչ չէին կարող հրապարակել, որովհետև մեր երկիրը կարող էր հրաժարվել այդ գործարքից»,-ասաց նա։ 

Նահապետյանի խոսքով՝ հնդկական զինատեսակները զենքի շուկայում առանձնապես առաջնակարգ դիրքեր չեն գրավում. 

«Կարծում եմ՝ այս զինատեսակներն արդեն պատրաստ են և երբ գործարքը տեղի ունենա, դրանք կկարողանանք ձեռք բերել։ Գնի առումով դրանք այդքան էլ էժան չեն, մեկ համազարկով 12 հրթիռ է բացվում, մոտ 60 կմ գնում, պատկերացրեք, թե քանի հրթիռ պետք է։ Այստեղ ժամանակի խնդիրդն է, այդ պատճառով էլ ՀՀ-ն ցայտոտի մեջ է հայտնվել»։ Դիտարկմանը, թե հայաստանյան իշխանությունները հաճախ են առաջ բերում պրոֆեսիոնալ բանակ ունենալու նպատակը և քայլերը, վերջինս արձագանքեց․ 

«Պրոֆեսիոնալ բանակի մասին խոսողին գնահատեք որպես դիլետանտ։ Պրոֆեսիոնալ բանակ չկա, մեզ մոտ զորակոչային է։ Հիմա հարց եմ տալիս՝ որ ասում են պրոֆեսիոնալ բանակ, կարծո՞ւմ են, որ մեր բանակը սիրողական է։ Իրենց նպատակը հասկանում եմ՝ ցանկանում են պայմանագրային ծառայության անցնել, որը թանկ հաճույք է ու աշխարհում քիչ երկրներ կան, որ այս մեխանիզմով են գործում, սա հսկայական ծախսեր են ակնկալում»։ 

Լիաննա Թորոսյան