Կաշենի հանքի աշխատանքների դադարեցումը տնտեսական մեծ հարված է Արցախին. պատգամավոր

Կաշենի հանքի աշխատանքների դադարեցումը տնտեսական մեծ հարված է Արցախին. պատգամավոր

18 օր շարունակ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցի իբրև բնապահպանները փակ են պահում՝ պատճառաբանելով, թե Կաշենի հանքը էկոլոգիական լուրջ խնդիրներ է առաջացնում։ Երեկ որոշում կայացվեց Կաշենի հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրականում հանքի աշխատանքների դադարեցումը տնտեսական մեծ հարված է։

«Կաշենի հանքի փակումը, բնականաբար, կապված չէ այլ խնդիրների հետ։ Արցախի Կառավարությունը երեկ դիմել է տարբեր միջազգային կառույցների, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ ճանապարհը փակողները կեղծ բնապահպաններ են, բայց ինչպես ցանկացած կայացած, նորմալ պետություն, Արցախը նույնպես գնաց այն քայլին, որ դիմեց միջազգային կառույցներին՝ մոնիտորինգ անելու, ադրբեջանական կողմի պահանջները մերժելու համար",- ասաց նա։

Հակոբյանը նշեց՝ Կաշենի հանքի աշխատանքները դադարեցնելը մեծ հնարավորություն է, որ ցույց տանք աշխարհին` Ադրբեջանի պահանջը բնապահպանական չէ։ "Օրեր առաջ էլ արցախյան կողմն առաջարկել էր՝ այցելություն կատարել եռակողմ ձևաչափով, քանի որ ամեն դեպքում, ի՞նչ կապ ունի կյանքի ճանապարհը փակելն այս ամենի հետ: Կամ իրենց պահանջը կարող էին առանց ճանապարհ փակելու անեին»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ եթե հանքի շահագործման առումով Ադրբեջանը մտավախություն ունի, ապա այն միջանցքը փակելու հետ որևէ կապ չի կարող ունենալ։

«Եթե խնդիրն իրոք բնապահպանական է, ապա այն շատ արագ հնարավոր է կարգավորել, որի ուղղությամբ էլ արցախյան կողմն աշխատում է։ Մենք սա բազմիցս ապացուցել ենք, բայց իրենք անսասան են իրենց որոշման մեջ, քանի որ հասկանալի է, թե իրենց ուզածն ինչ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ճանապարհը բացելուց հետո, հնարավոր է, որ հանքը կրկին շահագործվի, վերջինս պատասխանեց՝ միանշանակ։

«Մեր կողմն առաջնորդվում է եռակողմ հայտարարության սկզբունքներով, Մարտակերտի շրջանը մեր վերահսկողության տակ է և Կաշենի հանքի շահագործելը մեր որոշումն է. նրանք եռակողմ հայտարարությունից դուրս ինչ-որ պահանջներ են ներկայացնում»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
MediaHub-ը հիշեցնում է, որ նախօրեին Արցախի կառավարությունը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը և փորձաքննության հարցով դիմել միջազգային կազմակերպություններին: