Ո՞րն է ավելի էժան․ Ամանորը հայկակա՞ն հյուրանոցներում, թե՞ Եվրոպայում կամ Դուբայում դիմավորել

Ո՞րն է ավելի էժան․ Ամանորը հայկակա՞ն հյուրանոցներում, թե՞ Եվրոպայում կամ Դուբայում դիմավորել

Ամանորը Հայաստանում նշում են մեծ շուքով՝ երկար ու առատ սեղաններով, լի հյուրերով։ Բայց կան նրանք, ովքեր սիրում են նշել տոները ոչ թե տանը և ավանդական իրար տուն հյուր գնալով, այլ հյուրանոցներում, հանգստյան տներում։ Վերջին տարիներին սա կարծես ոչ պակաս ավադույթ է դարձել: Բայց արդյո՞ք այս տարբերակը հասանելի է բոլորին:

MediaHub-ը կապ հաստատեց Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հյուրանոցների հետ և ճշտեց, թե ինչ չափի ճեղքվածք կտա ընտանեկան բյուջեն, եթե որոշում կայացվի տոնական օրերն անցկացնել դրանցից մեկում:

Միանգամից նշենք, որ ավելի մատչելի է մեկնել այլ երկիր, քան տոնական օրերն անցկացնել Հայաստանի որևէ անկյունում: 

Այդպես, Ծաղկաձորում տեղակայված «Elegant» հյուրանոցը 2 հոգու համար նախատեսված ամանորյա փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, առաջարկում է 400.000 դրամով, որն իր մեջ ներառում է Ամանորի ընթրիքն ու նախաճաշերը: 

Ենոքավանի «Lastiver» հյուրանոցն ամանորյա փաթեթը 2 հոգու համար՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը, առաջարկում է 580.000 դրամով, որը ներառում է Ամանորի ընթրիք և նախաճաշերը: Իսկ 4 անձի համար՝ 720.000 դրամ։ Ի դեպ, այս երկու հյուրանոցներում ընդամենը երկուական համար էր մնացել, մնացած բոլոր տեղերը վաղուց սպառված են:  

Կան հյուրանոցներ, որոնք արդեն ազատ համարներ չունեն, թեև Ամանորին դեռ մեկ ամիս կա. օրինակ՝ Դիլիջանի  Dilijan Park Resort & Villas և Աղվերանի Apricot-ում: Մեզ փոխանցեցին, որ համարներն այդ օրերի համար ամրագրվել են դեռ ամիսն առաջ, նույնիսկ ամռանը:  Բայց Աղվերանի մեկ այլ՝ Aghveran Ararat Resort հյուրանոցային համալիրի երկու հոգու համար ամանորյա փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն առաջարկում է 600.000 դրամով...

Թերևս, ամենահարմար և մատչելի առաջարկն անում է «Jermuk Moscow Health Resort » հյուրանոցը՝ Ջերմուկում, որի ամանորյա փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը արժե 175.000 դրամ, որի մեջ ներառված է Ամանորի ընթրիքն ու սնունդը ողջ ընթացքում, տարբեր պրոցեդուրաներ, ինչպես նաև խաշի հյուրասիրություն։

Այնուամենայնիվ, համեմատական անցկացնելով Հայաստանում և արտերկրում Ամանորը դիմավորելու առաջարկների միջև՝ հասկանալի է դառնում, որ երկրից դուրս ավելի մատչելի է:

Օրինակ, Եգիպտոսում դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1 հոգու համար նախատեսված փաթեթը՝ ավիատոմսով, ամանորյա ընթրիքով, սնունդով, արժե 200-300.000 դրամ։ Իսկ Նոր տարին Միլանում դիմավորել հնարավոր է 170.000 դրամից սկսած՝ ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշը ներառյալ։ Հայերի ամենասիրելի Դուբայում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը մեկ անձի համար փաթեթ կարելի է գտնել 445.000 դրամից սկսած, որը նույնպես ներառում է ավիատոմս, հյուրանոց, նախաճաշ։

Մարիաննա Արամյան