Քարոզարշավը սկսվի՝ «բոլորի պորտերը տեղը կդնեմ»․ Տավրոս Սափեյանը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին

Քարոզարշավը սկսվի՝ «բոլորի պորտերը տեղը կդնեմ»․ Տավրոս Սափեյանը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին

Քարոզարշավը սկսվի, ժողովրդի ասած՝ «բոլորի պորտերը տեղը կդնեմ»։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների և այդ շրջանակում ընդդիմադիր ուժերի տարածած տեղեկությունների մասին։
Հիշեցնենք, որ օրերս «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե իշխանականները համայնքում ճնշումներ են իրականացնում։


 «Մենք որևէ շփում չունենք ընդդիմադիրների հետ, ամեն մեկս մեր գործն ենք անում, ի՞նչ ճնշումներ։ Բացարձակապես սուտ է, թե ավագանու անդամներին բերման են ենթարկում, թղթեր ձեռքերից վերցնում։ Ես պաշտոնապես ասում են՝ չկա այդպիսի բան, սուտ է, Ոստիկանությունը ոչինչ չի անում, ԱԱԾ-ն ոչինչ չի անում, մեզ մոտ առողջ քաղաքական մրցակցություն է, ես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին էլ լավ եմ վերաբերում»,- ասաց նա։


Սափեյանի խոսքով՝ իր մտահոգությունը միայն ընտրություններում հաղթելը չէ, քանի որ նա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է և մտածում է նաև, թե ընտրությունների կարգն ինչպես է ընթանալու Թալինում։
«Մանր պրովոկացիաներ են ընդդիմության կողմից։ «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանի այսպիսի հայտարարությունները հասկանում եմ, որովհետև նրան ես եմ աշխատանքից ազատել։ Ճիշտ է, ինքը հերոսի եղբայր է, բայց քարոզարշավի օրը գա, ամեն ինչ կասեմ։ Նրան երկու ամիս առաջ եմ աշխատանքից ազատել, անհարկի աշխատանքից բացակայում էր, միտինգների էր գնում, ես գնացի գյուղապետարան, ասացի՝ դուք հերոսի եղբայր եք, չեմ ուզի այսպես լինի, բայց նույնիսկ իր պաշտոնակատար լինելու ժամանակ՝ հերոսի հուշարձանի անվան տակ մեծ գումարներ է դուրս գրել, իբրև միջոցառումներ կազմակերպել։ Քարոզարշավի ժամանակը կգա, կասեմ, թե ով է Մանվել Կրպեյանը»,-ընդգծեց Սափեյանը։


Նշենք, որ Թալինի համայնքապետի ընտրություններում 5 քաղաքական ուժ է մասնակցության հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Կայունություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Արդար Հայաստան» կուսակցությունը։


«Թեկնածուներին ինձ մրցակից չեմ համարում։ Մենք եթե շանսեր չունենային, ժողովրդի կողմից սիրված չլինեինք, ժողովրդի կողքին չէինք կանգնի, մեզ համար շաբաթ-կիրակի, գիշեր-ցերեկ կապ չունի, քեֆեր-խրախճանքներ դրել ենք մի կողմ․ մենք աշխատում ենք՝ ժողովրդի ահ ու ցավով, իրենց մատից փուշ հանելու նպատակով։ Այն, ինչ արել ենք մեկ տարվա ընթացքում, անելու ենք ևս հինգ տարի, ես այդ տեսակն եմ, որ կանգնելու եմ իմ ժողովրդի կողքին։ Այսօր ընդդիմադիր այնպիսի մարդիկ են, որոնք նախկինում ժամանակ ունեին ժողովրդի կողքին լինելու, ոչինչ չեն արել, հիմա դարձել են սուրբ՝ հրեշտակի թևերով, ամպոտ ոտքերով»,-շեշտեց Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։


Խոսելով մյուս թեկնածուների մասին՝ Սափեյանը նշեց, թե բոլորի անունները կարդալիս զարմանում է։ ««Ապրելու երկիր» կուսակցությունից կա թեկնածու, զարմանում եմ, որ Մանե Թանդիլյանն այդ թեկնածուի հետ խելք է դրել, Նորայր Նորիկյանի կուսակցությունն է, ամբողջ Թալինն է զարմանում, որ Նորայր Նորիկյանի կուսակությունը կարող էր քոչարյանական ուժերի հետ համագործակցեր։ Մյուսն էլ ՀՅԴ-ն է, իրենց մասին միայն կարող եմ ասել, որ իրենք իրենց միասնական ձայնն ունեն, «Եհովայի վկաների» նման մարդիկ ունեն իրենց մեջ ներգրավված»,-ամփոփեց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն։ Ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կազմել էին կոալիցիա։

Տավրոս Սափեյանը համայնքապետ էր ընտրվել11 կողմ ձայներով, սակայն ընդդիմադիր մյուս 3 ուժերը, կոալիցիա կազմելով, բոյկոտել  էին ավագանու նիստերը: Դրա հետևանքով ավագանին 3 ամսից ավելի նիստեր չէր գումարել, որի հիմքով էլ ավագանին ցրվել է:

Լիաննա Թորոսյան