Ո՛չ Ռուսաստանից, ոչ՛ Ամերիկայից հումանիտար օգնություն չի մտել Արցախ․ Մոսիյան

Ո՛չ Ռուսաստանից, ոչ՛ Ամերիկայից հումանիտար օգնություն չի մտել Արցախ․ Մոսիյան

Արդեն ութերորդ օրն է, ինչ հայկական երկրորդ պետությունը շրջափակման մեջ է: Արցախում ստեղծված իրավիճակի մասին MediaHub-ը զրուցել է Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Մոսիյանի հետ։ 

-Պարոն Մոսիյան, 3 օր առաջ Արցախի պետնախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հույս էին հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի, ինչո՞ւ տապալվեցին բանակցությունները։

 -Բանակցությունները, ինչպես միշտ, տապալվում են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով։ Էդ մարդիկ մտածում են, որ պարտադրանքով կկարողանան արցախցիներից ինչ-որ բան պոկել, բայց չարաչար սխալվում են։ 

-Ի՞նչ են ուզում պոկել, արդյո՞ք թշնամին նպատակ ունի այս քալով ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», թե՞ իսկապես պայքարը Արցախի հանքերի համար է։ 

-Չեմ կարող ասել՝ «Զագեզուրի միջանցքով», թե հանքերով է պայմանավորված, բայց ես մի բան գիտեմ՝ Ադրբեջանը այս քայլով ցանկանում է ցույց տալ, որ Արցախը իր ներքին հարցն է, իրենց երկիրն է։ Մոլորության մեջ են, եթե այդպես են կարծում։ Գազամատակարարումը կասեցնելը, ճանապարհ փակելը եւ քայլերը ուղղված են հենց դրան՝ հերթով փորձարկում են արցախցիներին։ 

-Պարոն Մոսիյան, Դուք բավարար համարո՞ւմ եք Հայասատանի իշխանությունների ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու եւ Արցախը թշնամու ճիրաններից հանելու ուղղությամբ։ 

-Իհարկե բավարար չեմ համարում։ Իրենք ավելի շուտ կողքից են նայում իրավիճակին ու վաղուց արդեն իրենց ճիշտ չեն պահում։ Արցախի իշխանությունները ձեռնարկում են գործուն քայլեր, ինչպես արդեն գիտեք օպերատիվ շտաբ է ձեւավորվել։

 -Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են համարում ստեղծված իրավիճակի պատասխանատու՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտին է։ 

-Այս իշխանությունը եկել է իշխանության հենց դրա համար՝ գործողություններն անում են, հետո գցում ժողովրդի, ռուսների, նախկինների վրա։ Ստացվում է, որ իրենք ստեղծված իրավիճակի հետ որեւէ կապ չունեն։ 120 000 արցախցիներ հիմա գտնվում են շրջափակման մեջ եւ հումանիտար աղետի եզրին։

 -Հումանիտար օգնություն գալի՞ս է Արցախ, մեկ ասում են՝ Ամերիկան է օգնում, մեկ՝ Ռուսաստանը։ 

-Ոչ՛ Ամերիկան է օգնում, ո՛չ Ռուսաստանը, որեւէ հումանիտար օգնություն չի մտնում Արցախ։ Դա ասողները պարզապես Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում, թե տեսեք՝ հումանիտար աղետ չկա։ 

-Նկարներ հրապարակվեցին, թե ինչպես են ադրբեջանցիները բացում ճանապարհը ռուս խաղաղապահների բեռնատարների համար։ 

-Ի՞նչ մեքենաներ: Ռուս խաղաղապահների մեքենաները իրենց ապրանքներն են բերում, մեզ համար օգնություն չի գալիս։ 

Լիա Սարգսյան