Առավոտները դժոխային են լինելու. ե՞րբ կավարտվի Դավթաշենի կամրջի վերանորոգումը

Վերջին օրերին Դավթաշեն կամրջով տեղաշարժվելը դարձել էր լրջագույն խնդիր` վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, սակայն իրավիճակը հատկապես սաստկացավ այսօր առավոտյան՝ մարդիկ մի քանի ժամ մնացել են խցանման մեջ, քանի որ Դավթաշենից դեպի Կոմիտաս, Հալաբյան ճանապարհներն ուղղակի կաթվածահար էին:
MediaHub-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Դավթաշենի կամուրջի վերանորոգումը մեծ խցանումների պատճառ է դարձել և պարզ չէ, թե դեռ քանի օր է այս վիճակը շարունակվելու:
«Վերջին օրերին սա կրկնվող պատկեր է, Դավթաշենից Աջափնյակով ենք փորձում հասնել Կենտրոն, որովհետև դեպի Կոմիտաս դուրս գալը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, բայց միևնույն է՝ 1 ժամից ավելի է տևում: Երեխաս դպրոց ուշացավ, ես՝ աշխատանքի»,- ասում է ահազանգած քաղաքացիներից մեկը։
MediaHub-ին Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ քաղաքացիներին անհանգստացնող հարցը ամենաուշը եկող շաբաթվա ընթացքում կլուծվի։
«Չի բացառվում նաև, որ այս շաբաթ էլ ավարտվի»,- ասաց Կոստանյանը։
Իսկ մինչ այդ վարորդներին հորդորում ենք իզնվել համբերությամբ՝ առավոտները դժոխային են լինելու:
Լիաննա Թորոսյան