Արշավ՝ եկեղեցու դեմ. ո՞ւմ հովանու ներքո և ինչպե՞ս են փորձում կաթողիկոսին կապել ԼԳԲՏ քարոզի հետ

Հայաստանի իշխանությունները եկած օրվանից պայքար են մղում Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ՝ այդ պայքարի մեջ ներգրավելով ամենանողկալի ու զազրելի կերպարներին։ Փողոցային թափթփուկներին եկեղեցու դեմ որպես «հավատավոր» ակտիվիստների հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր, ուղղակի կամ անուղղակի կերպով, եկեղեցու դեմ է լարել ինչ-որ անհասկանալի ծագման և կասկածելի արժեհամակարգով բլոգերների, որոնք առավոտից երեկո ինչ-որ ծակերում ծվարած՝ լայվեր են անում եկեղեցու դեմ ու շատ վտանգավոր թեզեր գեներացնում։
Օրինակ՝ Անդրանիկ Դովլաթյան անունով մեկը ամբողջ օրը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտնում ու խոսում եկեղեցու, Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ խոստանալով, որ շուտով գալու են ու եկեղեցին «ազատագրեն»։ Ժամկետներ էլ են նշում՝ փետրվարի 24-ից սկսելու են եկեղեցու դեմ արշավը։ Ու մի քանի օր առաջվա հավաքը՝ հաջակցություն եկեղեցու և կաթողիկոսի, հենց սրան էր ուղղված, որ ցույց տան՝ եկեղեցին միայնակ չէ, եթե կլինեն եկեղեցու դեմ արշավողներ, կան նաև եկեղեցին պաշտպանողներ։
Անդրանիկ Դովլաթյան անունով այդ օգտատերը, որ ինչ-որ «Վարդանանք» շարժման անունից է հանդես գալիս, օրերս իր եթերներից մեկում, օրինակ, այսպիսի մտքեր է հայտնում եկեղեցու մասին․ «Բա, մեռնեմ սրտներիդ, ախպերներ, սա Հայաստանի կրթական համակարգի մեջ ա մտնելու, և չենք կարող մեղադրել վարչապետին, պետությանը և իշխանությանը։ Նրա ձեռքերը կկապեն՝ քաղաքական անունով նա բերանը փակ կպահի, Ժաննա Անդրեասյանը ուզի չուզի՝ կստորագրի ու կնիքը կդնի վրան, որովհետև դու ձայն չես հանել։ Բայց եթե դու հանրային հանես էս Գարեգինին (ոչ նորմատիվ լեքսիկա), բանակդ էլ ա յոթանասուն անգամ ավելի հզորանալու, դու էլ ես ավելի հարստանալու»։
Մի՝ հոգևորականի սքեմով հանդես եկող անհայտ ու անհասկանալի կերպար էլ՝ «Տեր Սահակ քահան Գալստյան» անունով, իր հերթին է ֆեյսբուքում լայվեր անում ու նորից խոսում Մայր Աթոռը «ազատագրելու» մասին։ Օրինակ՝ վերջին լայվը, որ հրապարակվել է երեկ, սույն քահանան վերնագրել է այսպես․ «Փետրվարի 24-ին «Վարդանանք» համազգային շարժումը կբացի Էջմիածի Մայր Աթոռի դռները. 25/01/24»։
Եթերի ամբողջ ընթացքում, բնականաբար, եկեղեցու և մեր հոգևոր առաջնորդերի հասցեին հերյուրանքներ, լուտանքներ են տարածում և բառացիորեն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում անձամբ Գարեգին Բ-ի հասցեին։ Այս կերպարը հայհոյանքներ է հնչեցնում նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին։
Բայց կա մի շատ ավելի վտանգավոր բան, որ անում են Մայր Աթոռի դեմ վայրահաչողները։ Նրանք փորձում են Գարեգին Բ կաթողիկոսին ու մյուս հոգևոր առաջնորդներին կապել ԼԳԲՏ համայնքի ու ԼԳԲՏ քարոզի հետ՝ նմանօրինակ կեղծ ու զրպարտչական նյութեր տարածելով ֆեյսբուքյան տարբեր խմբերում։ Իսկ ամենուշագրավն այն է, որ այդօրինակ նյութեր տարածում են «նիկոլական» էջերով, օրինակ՝ «Աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, միացե՛ք» էջով: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այս ամենն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի և նրա հակաքրիստոնեական թիմի կողմից։
Վահե Մակարյան