Ով էլ գա՝ նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ով էլ գա՝ նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ես չեմ մեկնաբանում ուրիշի խոսքերը՝ ինչ ուզում են թող անեն, ինչ ուզում են թող ասեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկրության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Դիտարկմանը, թե ՀՀ և Արցախի նախկին նախագահների և կաթողիկոսի հանդիպումից հետո հրապարակում եղավ, թե այդ հանդիպմանը նախկին նախագահներից մեկն առաջարկել է «ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը»՝ առաջին նախագահը պատասխանեց․

«Ես շնորհավորում եմ այդ մարդուն, չգիտեմ ով է գրել, բայց չեմ մեկնաբանում»,-ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության նստեն, քանի որ կաևոր տեղեկատվությանը տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է՝ եթե Նիկոլից ազատվեն, ապա կկարողանան խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից, բայց սա միամտություն է։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Նրանք չեն ապացուցել, որ ավելի լավը կբերեն»։

Դիտարկմանը՝ ընդդիմադիր կողմն առաջ է բերում այն թեզը, որ՝ նա գնա, նա չի կարող, մենք կգանք ու արդեն կփոխենք վիճակը, նախկին նախագահն արձագանքեց․

«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող, չգիտեմ: Ես էլ, մյուս նախագահներն էլ պետք է այդ ինֆորմացիաներին տիրապետենք, որպեսզի հասկանանք՝ կա՞ ավելի լավ լուծում»,- շեշտեց նա։