«Պլանն» ապօրինի աճեցրել ու փռել է արեւին․ արշալույսցի Արտյոմի տանը տոպրակներով «մարիխուանա» են հայտնաբերել

MediaHub-ի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 46-ամյա բնակիչ Արտյոմ Ս.-ն ապօրինի կանեփ է աճեցնում իր հողամասում։
Դեպքի վայր ժամանակ քրեական հետախույզները Արտյոմ Սարգսյանին պատկանող Արշալույսի տնամերձ հողամասին կից շինություններում, տեսանելի հատվածից, հայտնաբերել են թղթե փաթեթներ՝ 3․41գ․, 13․16գ․ , 36․39 գ․ եւ պոլիէթիլենային փաթեթ՝ 550 գրամ մանրացված եւ չորացված դեղնականաչավուն զանգված։
Զավեշտալին այն է, որ Արտյոմը ոչ միայն չի թաքցրել ապօրինի թմրանյութը, այլեւ փռել է արեւին՝ այն չորացնելու նպատակով։
Արտյոմ Սարգսյանը ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը աճեցրել եւ պահել է իր անձնական օգտագործման համար։
Նախապատրաստված փաստաթղթերը ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Լիա Սարգսյան