Ե՞րբ և ինչի՞ կապակցությամբ է ՀՀ-ում սգո օր հայտարարվել

Ե՞րբ և ինչի՞ կապակցությամբ է ՀՀ-ում սգո օր հայտարարվել

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-ը և օգոստոսի 18–ը հայտարարվել են որպես սգո օրեր։ Որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ` օգոստոսի 16–ին։ Սգո օրերը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների հիշատակին են։

Անկախության հաստատումից ի վեր՝ ՀՀ-ում սգո օր է հայտարարվել 10 անգամ։

Առաջինը Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրն էր՝ 1992 թվականի ապրիլի 17-ին։

Հաջորդը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ էր՝ 1994 թվականի օգոստոսի 26-28-ին։

1999 թվականի հուլիսի 6-8-ին սգո օր հայտարարվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ սգո օր հայտարարվեց նույն թվականի հոկտեմբերի 29-31-ին։

2006 թվականի մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու կապակցությամբ սուգ է հայտարարվել մայիսի 5-6-ին։

2007 թվականի մարտի 28-ին սգո օր հայտարարվեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ։

Այնուհետև Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 168 անձ, զոհվեց 2009 թվականի հուլիսի 16-ին։

Հաջորդ սգո օրը 2018 թվականի հոկտեմբերի 6-ին էր, Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը։

Սգո օր հայտարարվեց նաև 2020 թվականի դեկտեմբերի 19-21՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների։

Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։