Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ:

Երեկ Արցախի ԱԺ եւ կառավարության համատեղ լսումներ են հրավիրել այդ թեմայով, կառավարության ներկայացուցչին՝ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հնարավոր չի եղել համոզել։

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է հետամուտ լինի եւ պատժի ընտրակեղծարարներին, ովքեր խաղացել են կուսակցության հեղինակության հետ։ Ոմանք վստահ են, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու․ առաջին պատժվողը Տրդատ Սարգսյանն էր, ում կիրակի օրն ազատեցին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բայց նաեւ կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Ռ․ Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից եւ չի թաքցնում, որ իր թիմն է ձեւավորելու։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել, Արցախում չեն բացառում, որ նա շուտով սոցապնախարար կնշանակվի։ Քննարկում են ԿԳՄՍ նախարարի փոփոխության հարցը, թեկնածուն փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է։

«Հրապարակ» թերթը գրում է․

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է: Ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատգամավորներ, դեսպաններ:

«Հրապարակ» թերթը գրում է․

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով Նիկոլ Փաշինյանի քավորն է, ի տարբերություն եղբոր՝ պատգամավոր Վահե Ղալումյանի, շատ զգուշավոր է խոսում Տավուշի մարզից «հանձնվող» տարածքների, անկլավների մասին։ Նրա պատգամավոր եղբայրը, հիշեցնենք, ժամանակին հայտարարում էր, թե իրենց մարզում կան, այսպես կոչված, ադրբեջանական գյուղեր, որոնք մերը չեն, ուստի չի բացառվում՝ դրանք վաղը հանձնեն հարեւան հանրապետությանը։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս ամբողջ ընթացքում որևէ գազալցակայանում ո՛չ վկայագրման, ո՛չ հերթագրման փաստաթուղթ չեն պահանջում: Որքան էլ ստուգումն ու վկայագրումը անվտանգության տեսանկյունից կարևոր է, պարտաճանաչ վարորդների շրջանում առաջ է գալիս անարդարության և «անիմաստ ծախս» անելու զգացողություն: «Փաստը» դիմել է ՏԿԵՆ՝ ճշտելու, թե ներկա դրությամբ քանի տրանսպորտային միջոց է վկայագրվել: Նախարարությունից հարցմանն ի պատասպան տեղեկացրել են, որ, ըստ գազաբալոնների պարբերական վկայագրման շտեմարանի տվյալների, 2022 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ վկայագրվել է 130783 տրանսպորտային միջոց։ Մեզ հետաքրքրում էր, թե ընդհանուր առմամբ գազով աշխատող քանի տրանսպորտային միջոց կա Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե վերոնշյալ թիվը ընդհանուրի որ մասն է կազմում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր, թե «մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել»: Աշոտյանը նաև մանրամասներ էր ներկայացրել այդ «գործի» մասին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, մասնավորաբար նշեց, որ դժվար թե ամբողջ աշխարհում որևէ ադեկվատ, քիչ թե շատ մտածող մարդ գտնվի, ով կհավատա, թե Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քրեական բնույթի է:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսել յան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել:

Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել:

Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է:

«Իրավունք» թերթը գրում է.

 

«Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սեւ ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ` հենց ՔՊ-ի գլխին: «Իրավունքի» տեղեկություններով` հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:

Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, եւ ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»: