Բաբկեն Թունյանի ՙՙքիչ չէ՚՚-ին հիշեցում՝ կեսաթոշակառուների զգալի մասն ուղղակի աղքատության շեմին են

Բաբկեն Թունյանի ՙՙքիչ չէ՚՚-ին հիշեցում՝ կեսաթոշակառուների զգալի մասն ուղղակի աղքատության շեմին են

Հնարավոր էր կենսաթոշակներն ավելի շատ բարձրացնել, սակայն դրա համար խելամիտ, բանիմաց ու իրենց նպատակներին հետևողական Կառավարություն է պետք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Կառավարության որոշման մասին, ըստ որի՝ 2022թ. սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակների և նպաստների չափերը:


Համաձայն որոշման՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն), զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն), նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն)։ Մանասերյանի դիտարկմամբ՝ կենսաթոշակների այս չափով բարձացումը չի բավարարելու սպառողական զամբյուղի նորմայի ապահովմանը։ «Սա նշանակում է, որ մեր կեսաթոշակառուների զգալի մասն ուղղակի աղքատության շեմին են։ Սա այն ցուցանիշը չէր, որ երկրի Կառավարությունը պիտի ցույց տար… Կառավարությունը մի բան ասել է, բայց մի այլ բան է անում, էլ չեմ խոսում այն հակասական հայտարարությունների մասին, որոնք արել են մինչև իշխանության գալը․ հակասությունները բազմաթիվ են»,-ընդգծեց նա։


Մինչդեռ ՔՊ-ում այս բարձրացումը որակում են, որպես բավարար: Այդպես, երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, թե 3000 դրամն, իհարկե, մեծ չի թվում, սակայն տոկոսային առումով նշանակում է 16.6% բարձրացում, ինչն, ըստ նրա, քիչ չէ։


«Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից: Անկախ նրանից, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները: Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը: Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները»,-գրել էր նա:


Հետաքրքիր է, Բաբկեն Թունյանը վերջին անգամ ե՞րբ է խանութում եղել և, առհասարակ, ՔՊ-ականների համար սովորական դարձած ցոփ ու շվայտ կյանքից դուրս պատկերացում ունի՞ սպառողական գների մասին: Թերևս, հարցը հռետորական է:


Լիաննա Թորոսյան