Արթուր Վանեցյանը ներկայացրեց Արցախի հարցում իրենց ծրագրային քարտեզը
Մենք նախ պետք է պահպանենք եղածը, որովհետև այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց մնալով` մենք ունենում ենք նորանոր կորուստներ։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով իշխանությունների մեղադրանքներին, թե ընդդիմությունը որևէ կերպ չի ներկայացնում, թե ինչ է անելու Արցախի համար։
Նրա խոսքով՝ մենք անընդհատ նոր զոհեր ենք ունենում, տարածքային նոր կորուստներ։
«Առաջին հերթին, պետք է կասեցնենք միակողմանի կորուստները, այդ պարտության անիվը պետք է կասեցնենք, որից հետո պետք է սկսենք վերականգնել մեր հարաբերությունները արտաքին գործընկերների հետ։ Անպայման պետք է լավացնենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, խաղաղապահ ուժերի հետ ունենալով հստակ պայմանավորվածություն, որ նրանք ապահովեն արցախահայության անվտանգությունը։ Բացի այդ, պետք է աշխատենք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ»,- ներկայացրեց նա։
Ընդդիմադիր գործիչը նկատեց՝ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեզ, ցավոք սրտի, միջազգային հանրությունը չի աջակցում։ Նրա դիտարկմամբ՝ բացի Ֆրանսիայից ու ՌԴ-ից որևէ աջակցություն չի եղել։
«Արցախի կարգավիճակի հարցը պետք է մնա օրակարգում, մենք որևէ պարագայում չենք համաձայնելու, որ Արցախի հիմնահարցը փակված է, մինչդեռ Ալիևը հայտարարում է, որ նման հիմնահարց չկա։ Բայց դրա հետ մեկտեղ, շատ կարևոր է մեր բանակի վերականգնումը, որ այն տարածաշրջանում դառնա գործոն»,- նշեց նա։