Գերմանիան արդեն մի քանի ամիս է՝ անտեսում է զենքի հետագա մատակարարումների մասին Ուկրաինայի խնդրանքը. Die Welt

Գերմանիան արդեն մի քանի ամիս է՝ անտեսում է զենքի հետագա մատակարարումների մասին Ուկրաինայի խնդրանքը. Die Welt

Գերմանիայի կառավարությունն արդեն մի քանի ամիս է, ինչ անտեսում է զենքի հետագա մատակարարումների մասին Ուկրաինայի խնդրանքը։ Վերջին տասը շաբաթվա ընթացքում ուկրաինացի դիվանագետները բազմիցս բարձրացրել են զենքի մատակարարման հարցը Գերմանիայի պաշտպանության նախարարությունում, սակայն պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ դաշնային կանցլերի գրասենյակը, ըստ երեւույթին, անտեսում են համապատասխան հարցումները, գրում է Die Welt պարբերականը։

Պարբերականի համաձայն՝ հունիսից սկսած, Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ամեն ամիս բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են անցկացվել, որոնց մասնակցել է նաեւ գերատեսչության ղեկավար Քրիստին Լամբրեխտը։ Այդ հանդիպումների ժամանակ ուկրաինական կողմն ամեն անգամ խնդրել է Գերմանիային շարունակել մատակարարել իրեն նախկինում արդեն մատակարարված սպառազինության տեսակները՝ Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային կայանքներ եւ Mars II բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ Գերմանիան Կիեւին արդեն 10 նման հաուբից եւ երեք MLRS է մատակարարել, հայտնում է DW-ն։

Ուկրաինական կողմը նաեւ պնդել է, որպեսզի գերմանական պաշտպանական արդյունաբերությանն Ուկրաինա տանկեր եւ զրահատեխնիկա արտահանելու թույլտվություններ տրվեն։ Դեռ ապրիլին Ուկրաինան Rheinmetall կոնցեռնից առաջարկ էր ստացվել 268 միլիոն եվրոյով հարյուր Marder հետեւակային մարտական ​​ավտոմեքենայի եւ 88 Leopard-1 տանկի, այդ թվու՝ զինամթերքի եւ ինստրուկտաժի գնման մասին։ Արտադրողի խոսքով՝ այդ տեխնիկան «արագ նախապատրաստվել է», սակայն դաշնային կանցլերի գրասենյակից ոչ մի արձագանք չի եղել։

Օգոստոսի կեսերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն անձամբ հեռախոսով քննարկել էր այդ խնդիրը գերմանացի գործընկեր Լամբրեխտի հետ։ Ավելի վաղ նույն թեման հեռախոսով քննարկում են ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը եւ դաշնային կանցլերի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտները։ «Մեր խնդրանքները միշտ լսվել եւ գրանցվել են, բայց մինչ այժմ որեւէ արդյունք չկա»,- ասել են աղբյուրներն Ուկրաինայի կառավարությունում։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Die Welt-ի հարցման, ասել է, որ նախարարությունը «բազմաթիվ մակարդակներով կապի մեջ է ուկրաինական կողմի հետ»՝ Ուկրաինային «ռուս ագրեսորի դեմ պայքարում լավագույն աջակցություն ցուցաբերելու համար», սակայն որեւէ կոնկրետ տեղեկատվություն չի հայտնել։