Հայաստանը զուտ սպասողի դերում է, թե ինչ է լինելու իր հետ‎․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը զուտ սպասողի դերում է, թե ինչ է լինելու իր հետ‎․ Տիգրան Աբրահամյան

Քանի ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, որևէ դրական ակնկալիք ունենալ պետք չէ. նրանք արդեն հայտարարել են, թե որ ուղղությամբ են գնում և դա որևէ լավ բան չի բերելու ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի համար։ Այդ քաղաքականության հետևանքն է Արցախի այս վիճակը, ՀՀ-ի սուվերեն տարածքի բռնազավթումը Ադրբեջանի կողմից։ Այս իրավիճակում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ ներկայիս իշխանություններից։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Աբրահամյանը, որն օրերս Արցախում էր, մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Արցախի և Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է։ 

«‎Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի հարցը որքան հնարավոր է շուտ փակեն և դա դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման շրջանակներում։ Հետո իշխանությունը պարզ լեզվով ասում է, որ իրենք Արցախի համար որևէ բան անելու ռեսուրս այլևս չունեն։ Ես վտանգավոր եմ համարում բոլոր այն մոտեցումների, որոնց մեջ նշվում է, թե ՔՊ-ում որոշ մոլորություններ կան․ իրենք ևս իրավիճակը լավ չեն հասկանում։ Իրականում, այն ինչ արվում է և արվում է կոնկրետ մարդկանց միջոցով, դա նախապես պլանավորված, ծրագրավորված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը»։ 

Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ հիմնական գործընթացները կուլիսներում են, մարդկային, տարածքային կորուստները հստակ ցույց են տալիս նրանց անճարությունը։ 

Հարցին, թե ինչ սպասել 40 դիտորդների աշխատանքից, վերջինս պատասխանեց․

«Հայաստանը վաղուց դիտորդի կարգավիճակում է, և նույնիսկ իրեն վերաբերող հարցերում ՀՀ-ն որևէ դեր չի խաղում, բացի այն, որ նպաստում է թուրք-ադրբեջանական սցենարի իրագործմանը, իսկ Արևմուտք, Ռուսաստան կամ աշխարհաքաղքական տարբեր բևեռների հակազդեցության պայմաններում՝ Հայաստանը զուտ սպասողի դերում է, թե ինչ է լինելու իր հետ‎»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան