Կյանքին հեռվից նայող նկարչի՝ Մինասի ծննդյան օրն է

Կյանքին հեռվից նայող նկարչի՝ Մինասի ծննդյան օրն է

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,-  ասում էր Մինասը՝ հայկական մշակույթը նոր երանգով պատած նկարիչը։ Այսօր նոր գույն ու լույս բերած արտիստի ծննդյան օրն է։ 

Մշեցի դարբին Կարապետի ու կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի որդին ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում, որը հետագայում վերածվեց մի էպիկենտրոնի, որտեղից սկիզբ առավ այդքան ինքնատիպ գեղանկարչությունը: 

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը։

«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասում էր Մարտիրոս Սարյանը՝ Մինասին:

Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Նկարչի անունը տալիս, առաջինը մարդու մտքին գալիս են որմնանկարները, որոնց մշակույթը զարգացնելու երախտավորներից մեկը հենց ինքն է։

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- Մինասի մասին խոսելիս՝ ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը։

Մինասն իր որմնանկարները ստեղծել է 1970-74  թվականներին: Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկար, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։

Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավելի ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում` քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008թ-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982թ-ին):

1964 թ. Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ 1969 թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։

Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:

Նարե Գևորգյան