‎Արայիկ Հարությունյանը չեզոք դիրք է բռնել․ ՀՀ իշխանությունն ամբողջ բեռը թողել է Արցախի ուսերին․ Արթուր Մոսիյան

‎Արայիկ Հարությունյանը չեզոք դիրք է բռնել․ ՀՀ իշխանությունն ամբողջ բեռը թողել է Արցախի ուսերին․ Արթուր Մոսիյան

Հայաստանի իշխանությունն ամբողջ բեռը թողել է Արցախի ուսերին։ Իրենց խելքն այդքան է հասնում, մտածում են, թե Արցախից հրաժարվեն, կարողանալու են Նիկոլ Փաշինյանի հայտարարած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը պահե՞ն․ սխալ մոտեցում է։  Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։ 

«‎Արցախի և Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է․ Արցախը զիջելուց հետո ստիպված է լինելու զիջել Սյունիքը, Վայքը և այլն, և այլն»,-ասաց նա։

Խոսելով սահմանին դիտորդներ ներգրավվելու մասին, պատգամավորն ընդգծեց, որ սա ևս մեկ քայլ է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն իր դիվանագիտական ճանապարհը թեքում է դեպի Արևմուտք։ 

«‎Չեմ կարծում․ որ  անզեն դիտորդների առկայությունն ինչ-որ բան կփոխի, որովհետև անգամ խաղաղապահները, որ զինված են, այստեղ Արցախում խնդիրների բացակայություն չունենք։ Խաղաղապահները, որ հաճախ չեն կարողանում ինչ-որ քայլեր ձեռնարկել, ԵՄ-ն ի՞նչ պետք է անի»‌‎,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում ակտիվացումը Մոսիյանը որակեց որպես շղարշ՝ հանրության աչքերին։  

«‎Իրականում, նրա քայլերը մեկնաբանելն անիմաստ է, քանի որ առավոտ մի բան է ասում, երեկոյան՝ այլ։ Ակնհայտ է, որ նա և իր վարչախումբը եկել են որոշակի խնդիր կատարելու, ինչ էլ  հայտարարում է` այդ խնդիրները կատարելու շրջանակներում է։ Եկան, գունավոր հեղափոխության նման մի բան անելու, նաև  Արցախը տալու համար, հենց դա են անում։ Լուծումը մեկն է՝ ՀՀ-ի վարչախմբից ազատվելն է, ինչքան մնան, այնքան ցավոտ զիջումներն անպակաս են լինելու»,-ընդգծեց Մոսիյանը։

Հարցին, թե ստեղծված իրավիճակից  Արցախը կարո՞ղ է ‎ինքնուրույն ելք գտնել,  քանի որ նույնիսկ ՀՀ իշխանությունն էր ակնարկում Արցախին միայնակ թողնելու մասին, վերջինս պատասխանեց՝  Արցախն ունակ չէ ինքնուրույն դուրս գալ իրավիճակից։

«‎Արայիկ Հարությունյանն էլ ինչ-որ չեզոք դիրք է բռնել, չեմ հասկանում երկրի ղեկավարի չեզոքությունը»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան ‎