Թանկացումներ, թոշակների բարձրացում, տնտեսական աճ․ 2022 թվականի տնտեսական պատկերը

Թանկացումներ, թոշակների բարձրացում, տնտեսական աճ․ 2022 թվականի տնտեսական պատկերը

2022 թվականի մեկնարկը տրվեց տնտեսական աճի ցուցանիշի խոստումններով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում էր, թե այս տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով։

Ի՞նչ պատկեր ունեցանք 2022 թվականին՝ MediaHub.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

-Պարոն Պիպոյան, տնտեսական աճի ի՞նչ պատկեր ունեցանք 2022 թվականին։

-2022 թվականը, ըստ էության, կտրուկ տարբերվում էր իր ցուցանիշով։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստանում մեծ հոսք եղավ միգրանտների և միգրանտները, որոնք Հայաստանում էին, իրենց հետ մեծ ծավալի գումար էին բերել։ Այսինքն, այն 100 հազար մարդը, որ եկել էր ՀՀ, տնտեսական ակտիվության վրա շատ ավելի մեծ տոկոսային ազդեցություն է ունենում, քան նույնաքանակ ՀՀ քաղաքացիները։ Եթե ավելի պարզ ասեմ՝ սոցիալապես ապահովված մեկ անձը, որն ամսական ծախսում է 3 հազար դոլար, համարժեք է հայաստանյան մեկ ընտանիքի երկու ամսվա ծախսին։ Սա, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ։

Ստացվում է՝ մենք ունենք տնտեսական աճ, որը կանխատեսելի էր, բայց միայն սա չէ, ընդհանուր այլ գործոններ էլ կան։

-Իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել տնտեսապես ավելի ամուր երկիր ունենալու համար։

-Հարցի իրական հասցեատերն իշխանությունն է, որովհետև, կրկնում եմ, արդյունքը դրական է, բայց թե որքանով է այն դրական ազդեցություն ունենալու ՀՀ քաղաքացու կյանքի որակի վրա, կդժվարանամ ասել, քանի որ գնաճը շատ ավելի բարձր է և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները շատ ավելի են թանկացել, քան աճել են եկամուտները։ Այսինքն, երբ մենք քննարկում ենք գնաճը մեղմելու գործիքները՝ դրանք կա՛մ եկամուտների ավելացումներն են, կա՛մ սոցիալական ծրագրերը։ Կարծես թե ծրագրեր չկան, իսկ եկամուտների բարձրացումն անհամաչափ է կիրառվել։

-Թոշակների բարձրացում, աշխատավարձերի բարձրացում տեսանք։ Սա որևէ կերպ մեղմացնո՞ւմ է ՀՀ քաղաքացու հոգսերը՝ թանկացումների ֆոնին։

-Թոշակների բարձրացումը մասնակի կմեղմի, բայց թոշակների բարձրացումն ամբողջությամբ չի լուծի այդ խնդիրը, քանի որ կրկնում եմ՝ պարենային ապրանքները շատ են թանկացել։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա մենք պետք է քննարկենք ոչ թե մասնավոր սեգմենտի, այլ պետական սեգմենտի աշխատավարձերը։ Պետական սեգմենտում աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունեցել, այսինքն պետական ծառայողների աշխատավարձը, եթե հաշվարկենք, ապա նրանց կյանքն ավելի է բարդացել, քանի որ անննախադեպ գնաճ ունենք, որին համարժեք եկամուտների աճ չենք ունեցել։

- Սպառողական զամբյուղի ի՞նչ պատկեր ունենք 2022 թվականից հետո։

-Բնականաբար, զամբյուղի մեջ մտնող նվազագույն պարենային ապրանքները թանկացած ապրանքների շարքում են։ Մակարոնեղենը, կաթնամթերքը, հացամթերքը երկնիշ աճ են արձանագրել։ Ստացվում է՝ նվազագույն զամբյուղում երկնիշ թանկացում ունենք։ Եվ այն միտումը, կարծում եմ, կպահպանվի նաև գալիք տարում:

 

Լիաննա Թորոսյան