Բարի ճանապարհ՝ կուսակցությունից դուրս եկողներին․ Վահե Հակոբյան

Բարի ճանապարհ՝ կուսակցությունից դուրս եկողներին․ Վահե Հակոբյան

Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել այս հարցի շուրջ․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ այս դժվար շրջանում մեր որոշումները պետք է թիմային լինեն։ Եթե ինչ-որ մեկը համարում է, որ որպես քաղաքական գործիչ այնքան է կայացել, որ կարող է որպես անհատ գործունեություն ծավալել, ապա նրանց բարի ճանապարհ ենք ասում։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ խոսելով Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի կուսակցությունից դուրս գալու մասին։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ տարաձայնություններ են եղել և արդյոք այդ թվում է նաև խորհրդարան վերադառնալու հարցը, վերջինս պատասխանեց․

«Նաև, բայց սա միակ հարցը չէ»,-ասաց նա, սակայն չցանկացավ մանրամասնել, թե որոնք են տարաձայնության մյուս պատճառները։ Վահե Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին խորհրդարան վերադառնալու մտադրություն չունի և կուսակցության մյուս պատգամավորները ևս նույն կարծիքին են։

«Վերապահում ունենք միայն Զեմֆիրա Միրզոևայի վերաբերյալ, քանի որ նա ասորիների համայնքն է ներկայացնում և ճիշտ է, որ նա շարունակի իր գործունեությունը, բայց մնացյալ որոշումները մենք դեռ քննարկում ենք»։ Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանի հետ տարաձայնություններին, Հակոբյանը նշեց, որ Առուշանյանի հետ որևէ տարաձայնություն չունի։ «Առուշ Առուշանյանը պատգամավոր չէ, նա ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում և հետո՝ նա դիմում չի ներկայացրել․ Աննա Գրիգորյանը, միգուցե, մի քիչ շտապում է», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ինքը, Արթուր Սարգսյանն ու Առուշ Առուշանյանը դիմում են գրել: Նշենք նաև, որ այս զարգացումներով պայմանավորված՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից այս պահին ԱԺ-ում չորս պատգամավոր է մնում՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, Զեմֆիրա Միրզոևա և Վահե Հակոբյան։

Լիաննա Թորոսյան