Արցախը, իրականում, ոչ թե քաղաքական, այլ հումանիտար ճգնաժամի մեջ է․ Արամ Հարությունյան

Արցախը, իրականում, ոչ թե քաղաքական, այլ հումանիտար ճգնաժամի մեջ է․ Արամ Հարությունյան

Մեկ ամսից ավելի է՝ Արցախը տոտալ շրջափակման մեջ է և Արցախի 120 հազար բնակիչ, այդ թվում 30 հազար երեխաներ, զրկված են արտաքին աշխարհի հետ կապից, փակ է կյանքի ճանապարհը։ Գրեթե բոլոր տեսակի ապրանքների դեֆիցիտ կա։ Ներդրվել է կտրոնային համակարգ, որպեսզի հնարավորություն ստեղծվի ապրանքները հավասարաչափ և սահմանափակ թվով բաշխել շրջափակման մեջ գտնվող բնակչությանը։ Սուր դեֆիցիտ ունենք նաև վառելիքի դեպքում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով հայկական երկրորդ Հանրապետության իրավիճակը ապօրինի շրջափակման հետևանքով։

«Շուրջ մեկ շաբաթ է՝ խնդիր ունենք նաև էլեկտրամատակարարման հետ։ Խնդիրը Բերձոր քաղաքի մոտակայքում է, սակայն ադրբեջանական ապակառուցողական քաղաքականության պատճառով հնարավորություն չկա, որ մեր համապատասխան մասնագետները մոտենան և կարողանան խնդիրը վերացնել»,-ասաց նա և ընդգծեց, որ մինչև հիմա պարզ չէ, թե էլեկտրամատակարարման խնդրի հիմնական պատճառը որն է, հնարավոր է, որ վթար է եղել, սակայն չի բացառվում նաև, որ Ադրբեջանի ձեռքի գործն է։

Վերջին շրջանում նաև Արցախում եղան պաշտոնափոխություններ և կարծիք ձևավորվեց, որ Արցախում առկա է նաև քաղաքական ճգնաժամ, որի հետ, սակայն, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը համաձայն չէ։

«Կարծում եմ՝ ներքաղաքական զարգացումները հիմա ամենաերկրորդական հարցերն են, որովհետև Արցախը, իրականում, ոչ թե քաղաքական, այլ հումանիտար ճգնաժամի մեջ է: Եթե այս փուլը դեռ վաղ է ճգնաժամ համարել, ապա Արցախը ճգնաժամի շեմին է, քանի որ իրավիճակը շատ ծանր է։ Մեր ջանքերը ոչ թե պետք է քաղաքական կյանքում միավորներ հավաքելու ուղղությամբ գործադրենք, այլ պետք է պատրաստ լինենք իրական մարտահրավերները հաղթահարելուն։ Կարծում եմ՝ Արցախում այս փոխըմբռնումը կա, որքան էլ տարբերվող հայացքներ ունենանք՝ ակնհայտ է, որ բոլորս մեկ նավի մեջ ենք և եղած մարտահրավերները բոլորիս համար նույնն են և սրանց դիմակայելը պետք է միասնաբար լինի»,-ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե հայաստանյան պատգամավորներն այն կարծիքին են, թե միջանցքի բացելը խնդիրն ամբողջությամբ չի լուծելու, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Նախ, պետք է հասկանանք, թե խնդիրն ամբողջությամբ լուծել ասելով ի՞նչ ենք ակնկալում, քանի որ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք և նույնիսկ ճանապարհը բաց լինելու ընթացքում, բնականաբար, այդ խնդիրները մնալու են ճանապարհը բացելուց հետո էլ, նոր խնդիրներ են գումարվելու, որոնք առաջացել են այս իրավիճակով պայմանավորված»,-ասաց Հարությունյանը՝ հիշատակելով նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի պարբերական բնույթ կրող սադրանքները։

Պատգամավորի խոսքով՝ այսօր այդ խնդիրները կրկնապատկվում են և Ադրբեջանն այս ճնշման գործիքները կարող է պարբերաբար օգտագործել։ «Այս պատճառով, կարծում եմ, կողմերը պետք է կարողանան հասնել նրան, որպեսզի եղած անվտանգային երաշխքիները բազմապատկվեն»,- հավելեց Արամ Հարությունյանը։

 

Լիաննա Թորոսյան