Ադրբեջանը համառ պայքար է մղում ՀՀ-ի և Արցախի բարեկամ տարբեր եվրոպացի պաշտոնյաների դեմ․ ադրբեջանագետ

Ադրբեջանը համառ պայքար է մղում ՀՀ-ի և Արցախի բարեկամ տարբեր եվրոպացի պաշտոնյաների դեմ․ ադրբեջանագետ

Բաքու Եվրախորհրդարանի պատվիրակության այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կրկին առիթից օգտվելով, իրականացրել է հակահայ քարոզչություն: Թեմայի առնչությամբ MediaHub.am-ը զրուցեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Տիկի՛ն Հայրապետյան, նախ Ալիևի դրսևորած վերաբերմունքը եվրախորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես կգնահատեք, այս առնչությամբ ի՞նչ կասեք։

«Ալիևն իր ելույթի ժամանակ փաստացի «մուննաթ» եկավ և իր դժգոհությունը հայտնեց այս տարվա մարտին Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով» բանաձևի ընդունման վերաբերյալ: Ալիևը Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի հետ հանդիպման ժամանակ բողոքեց Եվրախորհրդարանի այն պատգամավորներից, որոնք դրսևորել են սկզբունքային դիրքորոշում Ադրբեջանի բռնապետական վարչակարգի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ: Այս վերաբերմունքը երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ադրբեջանի նախագահի միջև կնքված գազային նոր պայմանավորվածությունների հետևանք է: Այժմ բռնապետ Ալիևը իրեն իրավունք է վերապահում նման կերպ խոսել ժողովրդավարության ջատագովների հետ, ովքեր իրենք են խախտել իրենց իսկ դավանած սկզբունքներն ու արժեքները՝ գործարքի գնալով բռնապետի և ագրեսորի հետ»:

Ալիևը նշել է, թե Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի խորհրդարանը։ Ի՞նչ է ուզում սրանով ասել։

«Ալիևը հավելել է, որ իր համոզմամբ, Եվրահանձնաժողովի որոշ պատգամավորների գործունեության հիմքում ընկած է հայկական լոբբինգը: Գիտե՞ք, թե Ադրբեջանը ինչպիսի համառ պայքար է մղում Հայաստանին և Արցախին բարեկամ տարբեր եվրոպացի պաշտոնյաների դեմ»:

Ալիևը կրկին հակահայ հայտարարություններ է հնչեցրել. այս մասով ձեր մեկնաբանությունը խնդրեմ․

«Դա հստակ քաղաքականություն է Ադրբեջանի կողմից, որը չի փոխվելու: Եթե մենք շարունակ հրաժարվենք դա հասկանալ, չենք էլ կարողանա խելացի կերպով պայքարել դրա դեմ ու շարունակ նոր խնդիրների հետ կբախվենք»:

ՀՀ-ի պատասխան քայլերն այս առումով ինչպիսի՞ն պետք է լինեն։

«ՀՀ–ն պետք է ինտենսիվ աշխատի իր գործընկերների հետ: Խելացի աշխատանքի դեպքում հենց եվրոպական հարթակներում պետք է խոսվի Ադրբեջանի հետ գործարքի գնալու վտանգավորության մասին: Վստահ եմ, որ կգտնվեն եվրոպացի պաշտոնյաներ, թեկուզ անհատներ, որոնք չեն ընդունի Բաքվի բռնապետի հետ գործարքի գնալու և նրա գործողություններն արդարացնելու այս քաղաքականությունը»:

Մերի Գևորգյան