Սոթքում անասնագոմեր, տներ են վառվել․ մի քանի սնարյադ տների մեջ է ընկնել․ Հակոբ Ավետյան

Սոթքում անասնագոմեր, տներ են վառվել․ մի քանի սնարյադ տների մեջ է ընկնել․ Հակոբ Ավետյան

Սոթքում և՛ անասնագոմեր են վառվել, և՛ տներ են վառվել, տրաքել, մի քանի սնարյադ տների մեջ է ընկնել, ավիրված տներ շատ կան։ Այս մասին այսօր MediaHub.am-ը տեղեկացավ Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանից։ 

«Այս պահին ես Սոթքում եմ, իմ տանն եմ, չեն կրակում, գիշերվանից հանգիստ է։ Երեխաներ, տարեցներ, կանայք տարհանված են։ Դե, գյուղ է, գալիս են, իրենց անասուններին տիրություն անում, գնում, չեն մնում, որովհետև կարող է, մի պահ մտածենք հանգիստ է, բայց միանգամից ռմբակոծություն էլի սկսվի, ոնց որ անցած գիշեր եղավ։ Միանգամից, անսպասելի սկսեցին հրետանակոծել, այն վիճակն էր, որ մարդիկ չէին էլ կարողանում տներից դուրս գալ»,-ասաց նա։ 

Ավետյանի խոսքով՝ գյուղի պաշտպանության համար նույնիսկ Երևանից են զանգում, առաջարկում գալ, օգնել, սակայն, ըստ նրա, իմաստ չունի, քանի որ հրթիռակոծություն է.

«Համայնքից շատերն առաջնագծում են, շատերը զանգերի չեն պատասխանում, չգիտենք, թե ում ճակատագիրն ինչ է այս պահին, շատերից լուր չունենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 

Լիաննա Թորոսյան