Կիսատ-պռատ նախագիծ է․ պետք է հասկանալ՝ ովքեր են ուզում մեզ ինքնիշխանությունից զրկել․ փաստաբան

Կիսատ-պռատ նախագիծ է․ պետք է հասկանալ՝ ովքեր են ուզում մեզ ինքնիշխանությունից զրկել․ փաստաբան

Բնականաբար, ինքնիշխանությունը լավ բան է, դա պահպանելու համար ձեռնարկվող գործողությունները՝ նույնպես, սակայն պետք է հասկանալ, թե ինչ օրենքի նախագծեր են բերվում և ինչպես է դա բավցատրվում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները և կոչերը քրեորեն պատժելի դարձնելու օրենքի նախագծի մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քննարկման է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։ Փաստաբանի խոսքով՝ հատկապես վերջին երկու տարում ինքնիշխանությունից հրաժարվել ցանկացողները գլուխ են բարձրացրել՝ տարբեր կոչերով հանդես գալով։

«Օրինակ, Օպերայի դահլիճում հավաք էին արել՝ «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի կազմում» կոչերով, ենթադրում եմ՝ այս հանցակազմը հենց նման հրապարակային դրսևորումների դեմ է ուղղված, բայց այն կիսատ-պռատ է, այնպես, ինչպես հատուկ է այս իշխանությանը։ Նախագծում գրված է՝ լրիվ կամ մասնակի հրաժարվելու կոչերի մասին է, բայց մենք շատ վաղուց գոնե մասնակի հրաժարվել ենք մեր ինքիշխանությունից։

Օրինակ՝ Հայաստանը չի որոշում իր մաքսային քաղաքականությունը, մաքսային քաղաքականության իրականացումն էլ ՀՀ-ն չի իրացնում ինքնիշխան կերպով»,-նշեց Հարությունյանը։

Ձևակերպումների մասով փաստաբանը նշեց, որ թերացումներ կան և ընդգծեց․ «Ինքնիշխանությունից հրաժարվելու ուղղությամբ կոչեր և բռնություն գործադրելու, սպառնալիքի մասին են խոսում․ սա չեմ հասկանում, որովհետև նման գործողություններ պետք է անի արտաքին թշնամին։ Ալիևն էլ է նման հայտարարություններ անում, ասում է՝ ՀՀ պետք է բանակ չունենա։ Այս դեպքում, իմ պատկերացմամբ՝ արտաքին թշնամուն պետք է պարզապես ոչնչացնել։ Եթե ներքին ինչ-որ խմբավորումների մասին է, ապա նրանք գործակալներ են, որոնց բացահայտել է պետք և պետք է հասկանալ, թե ովքեր են այդ գործակալները, որոնք ուզում են մեզ ինքնիշխանությունից զրկել»։ Փաստաբանի կանխատեսմամբ՝ օրենքն անպտուղ է լինելու, քանի որ հստակություն չկա դրա մեջ, նպատակները ծավալուն չեն ներկայացված։ Նրա խոսքով՝ պետք է նաև քրեորեն պատժելի դառնա ինքիշխանությունից փաստացի հրաժարվելը։

«Օրինակ, ՀՀ սուվերեն տարածքներ առանց որևէ կրակոցի զիջվեցին Ադրբեջանին, ինքիշխանությունից հրաժարվել չէ՞: Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, հարակից տարածքները, որ հանձվեցին թշնամուն հանցագործություն էր, այս դեպքում ի՞նչ պատիժ է նախատեսվում, բա դա էլ քրեորեն պատժելի դարձրեք»,-հավելեց փաստաբանը։

Լիաննա Թորոսյան