Ուզում եմ բոլոր մեղավորները պատժվեն, ուրիշ ոչինչ․ Հայկազ Մկրտչյանի մայր
Այդ օրն այդտեղ կանգնած էինք, առավոտյան ժամը 6-ի կողմերն էր, որ նկատեցինք, որ ոստիկանները, կարմիր բերետավորները սկսեցին հավաքվել, հասկացանք, որ ինչ-որ բան են ուզում անել։
Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը։
«Այն, որ պապաներին կտանեն՝ դա ընթացքում հասկացանք, բայց որ մայրերի վրա էլ վայրենիների նման կհարձակվեին ոչ մեկս չէինք սպասում։ Կանգնած տեղից սկսեցին հավաքել, տանել, որոշ մայրերի շատ կոպիտ ձևով են տարել»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Նա նշեց, որ չեն հասկանում, թե ինչու է գործընթացն այսքան ձգձգվում, մինչև չեն գալիս, բողոքի ակցիա չեն անում՝ ոչինչ տեղից չի շարժվում։
Տեղեկացրեց՝ այս ընթացքում առերեսում է անցել 5 մարդ։
«Այսօր ինչո՞ւ է այսքան ոստիկան հավաքվել այստեղ, իրենք վախենում են, որ ինչ-որ գործողություն ենք անելու, մեզ կանչել են առերեսման, եկել ենք։ Ես միայն ուզում եմ, որ բոլոր մեղավորները պատժվեն՝ թե՛ տղաների կազմակերպված սպանդի, թե՛ մեր հանդպես նման գործողություն անելու համար»,-ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը։
Ըստ նրա՝ գործող իշխանությունը ոչինչ չի անում, իրենք փորձում են հարկադրել, որ քննություն տարվի, հասարակությունն արթնանա, սակայն հասարակությունը ինչպես միշտ քնած է։
«Կոնկերտ այս 15 հոգու հետ կապված ասացի, որ երկու օր էլ չեն հիշելու, այդպես էլ եղավ, վերջ, դեպք էր՝ անցավ գնաց: Արդեն սովորեցրել են, այն աստիճանի է այս ամենը հասել, որ հասարակությունը ևս ընդունում է այնպես, որ դեպք էր եղավ, անցավ։ Այս ամեն ինչն անտարբերության արդյունք է»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։
Այսօր ՀՀ քնչական կոմիտեում առերեսումներ են՝ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 21 -ի դեպքով, երբ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ շիրիմներին։
Մանրամասները՝ տեսանյութում։