Մեզ պետք է զենք, ուժ, օգնություն, ստից խոսելով չէ․ Տեղի բնակիչը՝ Կառավարությանը
Կրակոցները մեր տնից մի յոթ կիլոմետր այն կողմ են եղել։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տեղի բնակիչներից մեկը՝ տիկին Հասմիկը։
Նա պատմեց, որ կրակոցների ձայնը լսել են ու մի քիչ խուճապի մատնվել։
«Բայց գոհ ենք մեր համայնքի ղեկավարից, միասնական կանգնեցին՝ գյուղի երիտասարդությունն էլ։ Լավ ավարտ ունեցավ»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ չորս զոհ ենք ունեցել, Տեղի բնակիչն արձագանքեց՝ հա, չորս զոհ ենք ունեցել։
Բայց և, նշեց նա, իրենց հանայնքի ղեկավարն ամեն ինչ անում է, որ իրենք խուճապի չմատնվեն, գյուղը չլքեն։
«Մտահոգություն կա, որ երիտասարդները կլքեն գյուղը, բայց ուժեղ կանգնած ենք։ Եթե հարկ լիներ, կանայք էլ կգնային, չեն վախենում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներն այդքան մոտեցան Տեղ համայնքին, տիկին Հասմիկն ասաց՝ ոչ ոք չգիտի, մի գիշերում եկան։
«Մեր համայնքի բնակիչներն էլ գնացին, դիմացը պոստ դրեցին։ Մեր համայնքապետը ձգտում ունի, որ փոքր երեխաներին անգամ չհանեն գյուղից»,- նկատեց նա։
Նա ավելացրեց՝ իրենք ձգտում են, որ միջանցք չտրվի թշնամուն։
«Թուրքերը միտք ունեն, որ մի քիչ էլ առաջ գան, ուզում ենք չտալ։ Մենք էլ համաձայն ենք՝ ոտքի կանգնել, որ մի թիզ հող չտանք»,- ասաց նա։
Գյուղի բնակիչը նշեց՝ թշնամին վախեցնում է, իրենք էլ կանգնած են՝ տեսնելու, թե ինչ կլինի։ Ըստ տիկին Հասմիկի՝ թուրքի միտքը հասկանալ հնարավոր չէ։
Հարցին, թե այս ամենից հետո հնարավո՞ր է խաղաղություն լինի, տիկին Հասմիկը պատասխանեց՝ դա Կառավարության գործն է։ Բայց և նշեց՝ դրսից էլ են օգնություն ակնկալում։
«Էդ որ Կառավարությունում մեծ-մեծ խոսում են, թող զենք առնեն, գան տեսնեն՝ այստեղ ինչ է կատարվում։ Մեզ պետք է զենք, ուժ, օգնություն, ստից խոսելով չէ, թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում»,- ասաց նա։
Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք անվտանգ են զգում Տեղի բնակիչներն իրենց, արդյո՞ք իրենց մեջքին մարդ կա, տիկին Հասմիկն ասաց՝ պետք է օգնություն լինի, դրսից օգնություն պիտի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։