Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ։ 

Փաստաթղթով կոչ է արվում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը «պատասխանատու է նաև հրադադարի բազմաթիվ խախտումների համար, վերանայել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Նշվում է, որ Եվրամիության հետ գործակցությունը զարգացնելու համար Ադրբեջանը պետք է առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում»։

Փաստաթուղթը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ձևավորումը, Եվրոպական խորհրդին կոչ անում ավելացնել առաքելության կազմում փորձագետների թիվը, բարելավել նրա կարողությունները և աշխարհագրական շրջանակը, երկարաձգել դրա տեղակայման ժամկետը:

Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Միության առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը։

Զեկույցի հեղինակներն ափսոսանք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները լրջորեն խոչընդոտել են հայ-ադրբեջանական բանակցությունները։

Զեկույցը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, երկրի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթուղթը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները։

Փաստաթուղթը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ Հայաստանի որոշումը։