Փլվող տանիք՝ երեխաների գլխին․ թիվ 14 մանկապարտեզում անմարդկային պայմաններ են

Երևանի կենտրոնում՝ Կիլիկիա թաղամասում գործող թիվ 14 մանկապարտեզի շենքը երրորդ աստիճանի վթարային է։ 

Ծնողներն ամեն օր ահը սրտներին են երեխաներին նախակրթարան տանում, մտավախություն ունեն, որ խոնավ պատերից ներս փոքրիկներն ինչ հիվանդություն ասես ձեռք կբերեն։ Ծնողները հրաժարվում են տեսախցիկի առջև խոսել, բայց խնդրում են, որ իրենց խոսքը լսելի դարձնենք։ 

«Հիմա մեղավո՞ր ենք, որ էս թաղամասում ենք ապրում ու երեխեքին էս մանկապարտեզ պիտի բերենք։ Մի օր պատերը փլվելու են, երեխեքը մնան տակը, նոր կսկսեն հայ-հույները կապել, թե տեսեք՝ ինչ եղավ։ Զզվել ենք էս անտեր վիճակից»,- նեղսրտած նշեց մեր զրուցակիցներից մեկը։ 

Մեկ ուրիշն էլ նկատեց՝ մանկապարտեզից ի՞նչ օգուտ ունեն, որ մի բան էլ վերանորոգեն։

«Միշտ էլ էսպես ա եղել, որտեղ շահ կա, էդտեղ են գնում, քաղաքապետի ինչի՞ն են պետք էս երեխեքը։ Մի օր կանալիզացիան ա լցվում, մի օր անձրևաջրերը։ Ու մենք պիտի ասենք 21-րդ դարն ա ու երեխա ենք մեծացնում»,- ասաց նա։ 

Մեր նկարահանող խումբը դեռ նախորդ տարի էր եղել մանկապարտեզում ու ներկայացրել, թե ինչ անմխիթար պայմաններում են երեխաներն անցկացնում իրենց օրը՝ ճռռացող հատակ, քանդվող պատեր ու առաստաղից թափվող ծեփեր։ Այդ ամենից մեկ տարի անց ոչինչ չի փոխվել։ 

Թեև մանկապարտեզի ներսում նկարահանում անել մեզ չհաջողվեց, քանի որ քաղաքապետարանից թույլտվություն չունեինք, սակայն, առանց տեսախցիկի ներսում շրջել կարողացանք`  վիճակը նույնն էր, ինչ նախորդ տարի, գուցե փոքր-ինչ ավելի վատ։ Դրսից արված կադրերից էլ պարզ երևում է՝ մանկապարտեզի վիճակը բարելավելու համար ոչինչ չի արվել։

Թե երբ է նախատեսվում մանկապարտեզի վերանորոգում կամ հիմնանորոգում իրականացնել, Երևանի քաղաքապետարանից չարձագանքեցին․ խնդրեցին գրավոր հարցում ներկայացնել։ Ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի։ Մինչ պատասխանատու օղակները կարձագանքեն, ծնողները տարակուսում են՝ աշխատանքից դուրս գալ ու երեխաներին տանը պահե՞լ, թե հերթական անհանգիստ ձմեռն անցկացնել՝ ամեն վայրկյան մտածելով, որ երեխան մանկապարտեզից հիվանդացած տուն է գալու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։