«Նախկինների» օրոք Շուշիում ադրբեջանական դրոշ չէր ծածանվում 

«Նախկինների» օրոք Շուշիում ադրբեջանական դրոշ չէր ծածանվում 

Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է վերջին 20 տարվա քաղաքականության արդյունքում: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը:

Թոշակի գնալու փոխարեն Վիգեն Խաչատրյանը շարունակում է մեծ ջանքեր գործադրել Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար՝ արցախյան պատերազմի ողջ պատասխանատվությունը կրկին բարդելով «նախկինների» վրա: ՔՊ-ականները, ինչպես ասում է ժողովրդական խոսքը, այլ երգ չգիտեն, բացի «նախկինների» մասին քննադատություններ հնչեցնելը:

Մի քանի թիմ փոխած և ՔՊ-ի շնորհիվ պատգամավորական աշխատավարձ ստացող Խաչատրյանին պետք է հարց ուղղել՝ կա՞ որևէ խնդիր, որի համար պատասխանատու են ՔՊ-ականները, թե ոչ: Խաչատրյանը չի ցանկանում տեսնել մի պարզ ճշմարտություն՝ վերջին 20 տարվա ընթացքում Արցախը 12.000 քկմ տարածք ուներ՝ հայոց պարծանք Շուշին հայկական էր, հայաբնակ էր և այնտեղ թուրքական և ադրբեջանական դրոշներ չէին ծածանվում: 

«Նախկինների» օրոք ադրբեջանական զորքերը Գորիս-Կապան ճանապարհին չէին, հայոց բանակը հզոր էր և տարածաշրջանային գործոն էր և Իլհամ Ալիևը չէր համարձակվում «մատ թափ տալ» հայ ազգի և բանակի վրա:

ՔՊ-ականները վերջին 20 տարվա բոլոր ձեռքբերումները ոչնչացրել են մի քանի տարվա ընթացքում՝ ՔՊ-ի կառավարման տարիները միայն բացթողումների, կորուստների, զոհերի և տարածքային զիջումների տարիներ էին:

«Նախկինների» մասին խոսակցություններն արդեն հոգնեցրել են ՀՀ քաղաքացիներին, ովքեր ցանկանում են տեսնել բարգավաճող Հայաստան, հզոր բանակ, ապահով սահմաններ ու պաշտպանված Արցախ: Ցավոք, քանի դեռ ՔՊ-ն է Երևանում իշխանության, վերոնշյալ բոլոր ինստիտուտները մնալու են փլատակների մեջ:

Վահրամ Բագրատյան