Արարատ Միրզոյանի դատն է եղել, Փաշինյանի «ախրանայի» պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ Մամուլը՝ սուրճով

Արարատ Միրզոյանի դատն է եղել, Փաշինյանի «ախրանայի» պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Արցախի հանձնումը միջազգային հանրության, նախկինների եւ այլոց գրպանը գցելու համար, երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը։ Երբ ընդդիմադիրները մեղադրեցին, թե խոստացել էիք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջ մղել, այնինչ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա հանձնվեց թշնամուն, Փաշինյանը դիմեց «կռուտիտների» եւ ասաց, թե կարգավորման պրոցեսում ինքնորոշում ասելով ի սկզբանե նկատի ունեին Ադրբեջանի կազմում ինքնորոշումը։ 

«Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք, վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ` Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից»,- ասաց նա, ինչին պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց.

«Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտություն, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակը որոշեին` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»: Եվ կարդաց կազանյան փաստաթուղթը, որտեղ գրված է․ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը... Ապա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող էր որոշել Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն, եւ դա է ինքնորոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում արտասովոր խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայանա դատարան՝ իր ծեծի գործով հարցաքննության: Արդյունքում, դատարանում զգուշացրել են, որ Միրզոյանը ներկայանալու է, ու այնտեղ սկսվել է խառնաշփոթ, թե ովքեր կանգնեն մուտքի մոտ, ովքեր որտեղ լինեն, ինչպես դիմավորեն եւ այսպես շարունակ:

Եվ ահա, Միրզոյանը հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում իրեն ծեծել է:

Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Արա Բադոյանի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, եւ Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, եւ ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետեւում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված՝ մարզերից եկած պատանիները: 

Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:

Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին՝ օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։ Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ եւ կիսատ թողնելով հարցուպատասխանը՝ հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, եւ եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետեւանքներն ավելի վատ կլինեին։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների թեման միջազգային հարթակների ուշադրության կենտրոնում է, և այս առումով առաջիկայում զարգացումներ են սպասվում։

«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ հայաստանյան քաղբանտարկյալների հետ կապված՝ բավական լուրջ արտաքին ճնշումներ կան ՀՀ իշխանությունների վրա, և ոչ մեկ անգամ այս հարցը «ուղիղ տեքստով» դրվել է նրանց առջև՝ ընդգծելով, որ պետք է շատ արագ լուծումներ տրվեն։ Ավելին, մեր տեղեկություններով, այս օրերին մի քանի լուրջ կառույցներ և Եվրոպայի առանցքային կուսակցություններ թեմային առնչվող նամակներ են հղել և հորդորել «եզրակացություններ անել»։

Նամակներում անընդունելի է համարվում մի կողմից՝ կալանքը որպես պատժամիջոց կիրառելը, մյուս կողմից՝ քաղաքական հայացքների համար մարդկանց նկատմամբ իրավական գործիքակազմ կիրառելը։ Թերթի տեղեկություններով, առանձնահատուկ շեշտադրվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը։ Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում քաղբանտարկյալների հետ կապված որոշակի փոփոխությունների ականատես լինենք։