Տրանսգենդեր դերասանուհին Թրամփի նախագահական ժամկետի մեկնարկից հետո ստացել է փոխված սեռով անձնագիր

Ամերիկացի տրանսգենդեր դերասանուհի Հանթեր Շեֆերը, որը հայտնի է «Էյֆորիա» սերիալով, «TikTok»-ում կիսվել է, որ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի մեկնարկից հետո ստացել է փոխված սեռով անձնագիր։
Շեֆերը կորցրել է անձնագիրը Բարսելոնայում նկարահանումների ժամանակ. նրա պայուսակը գողացել են մեքենայից։ Դերասանուհին դիմել է նոր փաստաթղթերի համար և խնդրել, որ իր անձնագրում նշված լինի իգական սեռը։ Սակայն նրա խնդրանքը մերժվել է։
Դա պայմանավորված է նրանով, որ իր պաշտոնավարման առաջին օրը Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը պահանջում է ճանաչել միայն ծննդյան սեռը: Շեֆերի դեպքում դա արական սեռն է եղել: Նրա անձնագրում մուտքագրվել է համապատասխան սեռը։
Շեֆերը խոստովանել է, որ չի հավատացել, որ իրեն տղամարդկային փաստաթղթեր կտան, քանի դեռ դա տեղի չի ունեցել: Դեռահասության տարիներին դերասանուհին ունեցել է իգական սեռի վարորդական իրավունք, թեև ծննդյան վկայականը չի թարմացրել։
«Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է փոխվել [թղթային աշխատանքների] ձևավորման առումով, բայց սա առաջին անգամն է ինձ հետ պատահում այն բանից հետո, երբ ես փոխեցի իմ սեռը», - նշել է նա։