Հանդիպում՝ առանց արդյունքի
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լավատեսական շեշտադրումներով ասել է. «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Կարծում եմ՝ երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին ԱՄՆ-ն վճռականորեն կաջակցի»:
Այնուամենայնիվ, հանդիպման ավարտին տարածված հայտարարությունը լակոնիկ ստանդարտ մի տեքստ է, որը ոչ մի պատկերացում չի տալիս էական առաջընթացի կամ պայմանագրի կնքման ժամկետների մասին:
Անկեղծ ասած, Բլինքենի լավատեսությունը հիմքեր չունի:
Նախ, Ադրբեջանն այս պահին Հայաստանի հետ պայմանագիր կնքելու որևէ մոտիվացիա չունի, որովհետև Փաշինյանի իշխանությունից աստիճանաբար ստանում է այն, ինչ ցանկանում է, միևնույն ժամանակ՝ մեկուսացված և շրջափակված թողնելով Հայաստանը:
Երկրորդ, աշխարհը սրընթաց փոխվում է, այսօր քաղաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, կորցնում է իր ազդեցությունը և այլևս չունի երբեմնի լծակները՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
Եվ վերջապես՝ գործ ունենք ԱՄՆ մի վարչակազմի հետ, որի շաբաթները, ամիսները գուցե հաշված են, և լուրջ չէ ակնկալել, որ նրա միջազգային նախաձեռնությունները կարող են հաջողությամբ պսակվել:
Վահրամ Բագրատյան