Որտեղ եղել են համայնքի կոմպետենտ ղեկավարներ, կարողացել են այդ հարցը լուծել․ Գեղարքունիքի մարզպետ

Որտեղ եղել են համայնքի կոմպետենտ ղեկավարներ, կարողացել են այդ հարցը լուծել․ Գեղարքունիքի մարզպետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում:

Թեմայի առնչությամբ MediaHub.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ ճշտելու խնդիրը լուծելու առնչությամբ գործընթաց իրակավացվո՞ւմ է, թե ոչ․

«Համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք արդեն, նրանք այսօրվանից կսկսեն կապտաժի մաքրման աշխատանքներ իրականացնել։

Բայց համայնքի այդ հատվածում 7 ընտանիք ջուր չեն ունեցել դեռևս շատ վաղուց, ունենք ծրագրեր, դրանցով առաջ ենք գնում, և այդ բնակավայրի հատվածում ամբողջությամբ ջրագիծ է կառուցվելու, իրենք ջուր են ունենալու»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ ինչու մինչ այս չի լուծվել այդ խնդիրը, Սարգսյանը պատասխանեց․

«Մեր մարզի ոչ բոլոր հատվածներն ունեն այդ խնդիրը, սակայն որտեղ եղել են կոմպետենտ համայնքի ղեկավարներ, կարողացել են այդ հարցը լուծել։ Սակայն դա մեր այսօրվա առաջնահերթություններից ամենաառաջինն է, և դրանք մեր ուշադրության կենտրոնում են»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ջրի կեղտոտ լինելու պատճառով երեխաներն առողջական խնդիրներ են ունենում, մարզետը հերքեց՝ նշելով․

«Իրականում դրանք սուտ են, ես գիտեմ այդ սուտը տարածողներն ովքեր են, սակայն պետք է նշեմ, որ ամեն անգամ նմուշառում է իրականացվում ջրից»։

Սակայն, մարզպետի խոսքով, այդ ջրագծի կառուցումը բավականին երկար է տևելու․

«Հնարավոր չէ հասցնել մեկ-երկու ամսում ավարտել այդ ծրագիրը, իսկ մինչ այդ, այն խնդրի մասին, որ բարձրաձայնել են, այս պահին համայնքի ղեկավարի հետ քննարկվել է, սկսել են մաքրման աշխատանքները»,- հավելեց Սարգսյանը։

Մերի Գևորգյան