Այսօր վարչապետի պաշտոնում պարզապես հայտնվել է մի բռնապետ, որը, գերազանցելով իր լիազորությունները, ներխուժել է բոլոր ոլորտներ․ Ղազարյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ օրենքում փոփոխությունների մասին

Այսօր վարչապետի պաշտոնում պարզապես հայտնվել է  մի բռնապետ, որը, գերազանցելով իր լիազորությունները, ներխուժել է բոլոր ոլորտներ․ Ղազարյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ օրենքում փոփոխությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու որոշմամբ ստացվում է՝ Փաշինյանը ձեռքն է վերցնում բոլոր այն կառույցները, որոնք քիչ թե շատ անկախ էին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ օրենքում համապատասխան լրացում է ներառվել` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու վերաբերյալ։

«Քննչական բոլոր մարմինները ընդհանուր դատաիրավական համակարգի մասն են կազմում և ամենահիմնական օղակներից մեկն են հանդիսանում՝ բավականին լայն լիազորություններով։ Այդ մարմիններում են որոշում կայացվում մարդկանց որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու մասին։ Այդ դեպքում պետք է քաղաքական իշխանությունից ակնկալել հնարավոր առավելագույն չեզոքություն և կաշկանդվածության բացակայություն»,-ասաց նա։ Ղազարյանը նշեց` վարչապետի լիազորությունները Սահմանադրությամբ հստակ սահմանված են։ «Այսօր վարչապետի պաշտոնում պարզապես հայտնվել է մի բռնապետ, որը, գերազանցելով իր լիազորությունները, ներխուժել է բոլոր ոլորտներ և զավթում, յուրացնում է կառույցները, որպեսզի իր քաղաքական նպատակներն իրականացնի»։

Վերջինս հիշեցրեց, որ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս՝ բոլոր կառույցները, մարմինները պետք է իր տիրապետության տակ լինեն, ինչպես օրինակ՝ արձագանքել էր Վահան Քերոբյանի՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարականին՝ ասելով, թե ինքն է որոշում` ով և երբ կարող է հրաժարական տալ։

«Ստացվում է, բոլորը պատանդներ են և եթե անգամ այլևս Փաշինյանի հետ աշխատել չեն ուզում, կարող են բռնաճնշումների ենթարկվել, Դավիթ Տոնոյանի օրինակն էլ ունենք, որը մինչև օրս կալանաքի տակ է»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան