Փաշինյան-Ալիեւ հանդիպումը՝ Երեւանում․ նման գործընթաց կա՞

Փաշինյան-Ալիեւ հանդիպումը՝ Երեւանում․ նման գործընթաց կա՞

Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը այսօր հայտարարել է, որ Բաքուն ու Երեւանը միջնորդների կարիք չունեն։

Ըստ նրա՝ հանդիպումները Մոսկվայում, Բրյուսելում, Սոչիում եւ Պրահայում ցույց են տվել, որ միջնորդները ոչ թե խաղաղության, այլ Կովկասում գերակա դիրք ունենալուն են ձգտում։ Այդ իսկ պատճառով «արտաքին քաղաքական հարձակումներից» պաշտպանվելու լավագույն միջոցը Երեւանում Ալիեւ-Էրդողան-Փաշինյան եռակողմ հանդիպումն է։ 

Սա մեսիջ է Ադրբեջանից թե՛ Արեւմուտքին, թե՛ Ռուսաստանին, որ, գուցե, կուլիսներում Փաշինյանն ու Ալիեւը միջնորդ երկրներից հրաժարվելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ 

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է ընդունել Ալիեւին եւ Էրդողանին Երեւանում հարցին ի պատասխան, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը MediaHub-ին ասաց, որ նման գործընթաց չկա։ 

Նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հարցին ուղիղ պատասխանել չկարողացավ, համենայնդեպս խուսափողական կեցվածք դրսեւորեց։ 

Ի դեպ, MediaHub-ը երեկ էր գրել, որ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու Ալիեւը, հրաժարվելով միջնորդներից, իրար մեջ են հարցերը լուծում։ Թերեւս ասվածի վկայությունն է նաեւ այն, որ հայ-ադրբեջական սահմանային լարվածության պայմաններում դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցում ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր եւ 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ 

Այս տարվա փետրվարի 21-ին էր Բաքվում Ալիեւը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին՝ ընդգծելով անհետ կորածների ճակատագրի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում որդեգրելու կարևորությունը։ Տարվա ավարտին Փաշինյանը հերթական, այսպես ասած, հումանիտար քայլն է անում, այսպես ասած՝ հագուրդ տալով Ալիեւի կրքերին։ Իսկ ի՞նչ է ստանում փոխարենը: Հարցը, թերևս, հռետորական է:

Լիա Սարգսյան