Տարօրինակ է, որ եկեղեցին անմասն մնա պետականությանը վերաբերող հարցերից․ պետք է տարաձայնությունները մի կողմ թողնվեն․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

Տարօրինակ է, որ եկեղեցին անմասն մնա պետականությանը վերաբերող հարցերից․ պետք է տարաձայնությունները մի կողմ թողնվեն․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան

Այսօր մեզ շատ է անհանգստացնում մեր սահմաններին տիրող իրավիճակը, մեր երկրի անվտանգությունը։ Ես տեսնում եմ, որ ՀՀ-ն մեր բարեկամ երկրների, սփյուռքի, այլ հարթակների միջոցով փորձում է հնարավորինս քիչ կորուստներով, որոշակի դրական լուծումներով առաջ շարժվել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Հայեցակարգային բաժնի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

«Մեզ նաև անհանգստացնում է մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, լարվածությունը։ Այս ամենի լուծումը տալու է մեր՝ բոլորիս հոգևոր կյանքի վերադարձը, կրոնական կյանքի վերադարձը։ Ժողովուրդը պետք է Սաղմոսներ, Նարեկացի կարդա, մեր աղոթքներում պետք է խնդրենք, որ Աստված ողորմի և մեր զինվորներին ուժ տա, մեր առաջնորդներին իմաստություն տա, որ այս դժվար իրավիճակից կարողանանք միասնականորեն դուրս գանք»,-ասաց Սրբազանը։ 

Դիտարկմանը, թե հաճախ են լինում կարծիքներ, թե ներկայիս իշխանությունն իրեն հեռու է պահում եկեղեցուց, վերջինս արձագանքեց, որ ցանկալի է՝ տարաձայնությունները մի կողմ թողնվեն։ 

«Ազգի, պետության առաջ ծանրացած դժվար օրերը պետք է միավորված աշխատանքով հաղթահարենք, որովհետև տարօրինակ է, որ ազգի կարևոր կառույցը՝ եկեղեցին անմասն մնա մեր պետականությանը վերաբերող հարցերից։ Լիահույս եմ, որ մեր առաջնորդները կունենան այդ իմաստությունը և կանդրադառնան այս խնդիրների դրական լուծմանը»,-ընդգծեց Սրբազանն ու հավելեց, որ որքան ամեն մեկս մեր գործը կատարենք, այդքան հաջող արդյունք կտեսնենք։ 

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հիշեցրեց, որ դարեր շարունակ պետություն չունենալուց և եկեղեցու միջոցով ամեն ինչ հաղթահարել ենք։ Նրա խոսքով՝ հիմա ունենք և՛ պետություն, և՛ եկեղեցի, պետք է ավելի ուժեղ լինենք։ 

Լիաննա Թորոսյան