Հակառակորդը հարձակվել է հենց Արգիշտիի դիրքապահության ժամին․ նա ընկավ ԱԹՍ-ի հարվածից․ 19-ամյա հերոսի պատմությունը

Հակառակորդը հարձակվել է հենց Արգիշտիի դիրքապահության ժամին․ նա ընկավ ԱԹՍ-ի հարվածից․ 19-ամյա հերոսի պատմությունը

Արգիշտիի բոլոր նպատակները հայրենիքի հետ էր կապված, գիտելիքները, ներուժը, աշխատանքը միայն հայրենիքին էր ուզում ծառայեցնել։ Արագածավան համայքից Արգիշտի Ստեփանյանի մասին համայնքում բոլորն են խոսում, բոլորից տարբերվում էր։ 19-ամյա Արգիշտիի մայրը՝ Թամարա Սիմոնյանը MediaHub.am-ին պատմեց՝ որդին ընթերցասեր էր ու Հայոց պատմությունն ու Հայոց լեզուն իր համար ամենակարևորն էր, որ պիտի ուսումնասիրեր։ 

Արգիշտին տան միակ տղան է, քույրն իրենից փոքր է։ Հերոսի ազգականը հիշում է՝ Հայ-Ռուսական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելուց հետո Արգիշտին որոշել էր, որ պարտադիր պետք է ծառայի, հետո միայն ուսումը սկսի։ 

«Մեծ հույս ուներ, որ իր մասնագիտության մեջ լավագույնն է լինելու։ Զանգերում էր ծառայում, 2021 թվականին էր մեկնել ծառայության‎»,- ասաց ազգականը։ ‎

Արգիշտիի վերջին զանգը մայրիկին է եղել, ասել է՝ երբ իջնի դիրքերից կզանգի, սակայն ընտանիքը հերոսից այդպես էլ զանգ չստացավ։ 

13-ին Արգիշտին Իշխանասարի դիրքերից մեկում էր։ Ծնողներն Իշխանասարի ռմբակոծության մասին լրատվականներից են իմացել։ 

«Խուճապի մեջ էինք, որովհետև այն ժամին, որ հակառակորդը հարձակվել էր, հենց Արգիշտիի դիրքապահության ժամն էր։ Լուրն իմանալուց հետո ամուսինս անմիջապես Գորիս մեկնեց, բայց Արգիշտին այդպես էլ չհանդիպեց։ Մարտական ընկերներից իմացանք, որ վիրավորվել է, չէինք ուզում հավատալ, դեպքից միայն օր անց հաստատվեց, որ զոհվել է, ու որդուս մարմինը մեզ հանձնեցին»,-պատմեց մայրը։ 

Արգիշտին ընկել է ԱԹՍ-ի հարվածից, որդու մարմինը հայրն է ճանաչել։ Տղային բոլորն էին սիրում ու նրա բացակայությունը ոչ ոք չի ընդունում։ 

Հիշում է՝ հերոսը երբեք չի էլ մտածել ծառայությունից խուսափելու մասին, նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո ասել է՝ իր պարտքն է ծառայել ու հայրենիքն իր կարիքն ունի։ 

«‎Շատ հպարտությամբ էր ծառայում, երբեք չի բողոքել, վախեր չի ունեցել։ Արգիշտիի հերոսությունների մասին դեռ խոսելու ենք, պատմելու են նաև իր հետ կռված տղերքը»,-ասաց ազգականը։ 

Արգիշտին հուղարկավորվել է հայրենի գյուղում։ 

Լիաննա Թորոսյան