Արցախում ոչ ոք Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չի տեսնում․ Դավիթ Գալստյան

Արցախում ոչ ոք Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չի տեսնում․ Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանից արդեն չգիտենք` ինչ սպասենք, ինչքան վատ բան կա, կարելի է սպասել իրենից։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույց ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Արցախի վերաբերյալ արված հայտարարություններին։

«Փաշինյանի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ նա ի զորու չէ հայի հայկականության համար ազգային մտածելակերպով ղեկավար լինել։ Նա չի կարող թե Արցախի, թե Հայաստանի անվտանգության նկատառումներից սկսած, մնացած բոլոր ոլորտներում որևէ դրական քայլ անել մեր երկու պետությունների համար, սա է պատճառը, որ մենք 2018 թվականից հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է և եկել է Արցախը հանձնելու»,- ասաց Գալստյանը։

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ պատրաստվում են Աղավնոյի բնակիչներին տեղափոխել Հին Շեն։ Պատգամավորն, անդրադառնալով սրան, ասաց․

«Լուրերը, թե ժողովրդին պատրաստվում են այնտեղ բնակարաններ տալ, նրա համար է, թե իբրև նրանք մտածում են բնակիչների մասին, սակայն դա այդպես չէ։ Ինչպե՞ս եք պատկերացնում տեղափոխվելը։ Մենք ունենք մոտ 10 հազար անտուն մնացած ընտանիքներ՝ Հադրութի, Քարվաճառի շրջանից, իրենց էլ ավելանում են ևս մի քանի ընտանիքներ, ինչպե՞ս ենք պատկերացնում, ի՞նչ սկզբունքով պետք է իշխանություններն առաջնահերթություն տան Աղավնոյի, Բերձորի բնակիչներին, իսկ մնցածները՞, որոնք արդեն երկու տարի է թափառում են Երևանի, Արցախի կացարաններում, որոնց մասին խոստումներ կան, բայց գործնական շատ քիչ քայլեր է արվել նրանց բնակարաններով ապահովելու համար»։

Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ Աղավնոյի, Բերձորի բնակիչները ևս ունենալու են այն նույն ճակատագիրը, ինչ հադրութեցին, քարվաճառեցին և մնացած բռնի տեղահանված քաղաքացիները։ Հարցին՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշման մասին ի՞նչ կարող է ասել, պատգամավորը ընդգծեց․

Փաշինյանն ատում է Արցախը, նա Արցախից խոսում է միայն պոպուլիստական հայտարարություններով։ Իսկ այսօր խուսափում է խոսել Արցախի հայկականության մասին։ Այդպիսի մարդուց մենք ի՞նչ կարող ենք ակնկալել։ Հավանաբար, նա ինքն էլ իր ասածները լուրջ չի ընդունում»։ Հարցին՝ ինչպիսին է Արցախի բնակչության տրամադրվածությունը Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, պատգամավորը նշեց․

«Արցախում ոչ ոք Նիկոլ Փաշինյանի հետ ապագա չի տեսնում, իսկ Աղավնոյի բնակիչները հաստատ չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, բայց թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունն է` ապահովել նրանց անվտանգությունը»։

Մերի Գևորգյան